Թուրքիան Լիբիայից ու Ղարաբաղից հետո սիրիացի վարձկաններին պատրաստվում է ուղարկել Աֆղանստան
Հազարավոր սիրիացի վարձկանների և մարտիկների Լիբիա, ապա նաև Ադրբեջան տեղափոխելուց հետո, թուրքական իշխանությունները ծրագրում են այժմ նոր զինյալներ տեղափոխել Սիրիայից Աֆղանստան՝ թեկուզ պաշտոնական պայմանագրերով: Այս մասին գրում են արաբական ԶԼՄ-ները։
Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի՝ Անկարան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել սիրիական որոշ հավատարիմ խմբակցությունների ղեկավարների հետ Քաբուլ զինյալներ ուղարկելու վերաբերյալ, ինչպես դա արվել էր նախկինում Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
RT արաբական ծառայությունը գրում է, որ Թուրքիան պատրաստվում է 2000 զինյալներ ուղարկել Աֆղանստան, սկսել է բանակցություններ վարել սիրիական ընդդիմության մարտիկների հետ՝ նրանց մի մասին Աֆղանստանի Քաբուլի օդանավակայանի պաշտպանությանը ներգրավելու համար` ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից երկիրը լքելուց հետո:
Նշվում է, որ «հունիսի 24-ին Թուրքիայի Քիլիս տարածքում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի հետախուզական ծառայության (MIT) սպաների և սիրիական ընդդիմության խմբակցությունների ղեկավարների միջև՝ նախապատրաստելու սիրիական ընդդիմության մարտիկներին Աֆղանստան ուղարկելուն»:
Աղբյուրները նշում են, որ թուրքական կողմը ցանկանում է խաղալ միջազգային իրավունքի վրա՝ գրանցելով այս վարձկաններին անվտանգության ընկերություններում և օրինականացնելով նրանց ներկայությունը Քաբուլում՝ միջազգային հանրության առջև իր իմիջը պահպանելու համար։ Զինյալների աշխատավարձը գնահատվում է 2000-ից մինչև 3000 դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանում ռազմական իրավիճակը սրված է, ո՞ր տարածքներ են գրավել թալիբները
- Աֆղանստանից բանակցությունների համար միաժամանակ Թեհրան է ժամանել չորս քաղաքական պատվիրակություն
- Լավրովը՝ Աֆղանստանի հետ կապված․ Մոսկվան ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար
- Ամերիկյան զորքերի դուրս բերումն Աֆղանստանից. խնդիրներ և մարտահրավերներ