Խուդոյան. Ռուբեն Վարդազարյանի իրավունքի խախտումները պետք է վերականգնվեն դատարանի որոշումը հրապարակելուն պես
«Դատարանն արձանագրել է, որ ցանկացած դեպքում դատավորի նկատմամբ իր լիազորությունների հետ կապված քրեական հետապնդում իրականացնելու համար պետք է դիմել ու ստանալ Բարձրագույն դատական խորհուրդի համաձայնությունը, այսինքն հաղթահարել անձեռմխելիությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նշենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին կասեցված են,
Նա ընդգծեց, որ գլխավոր դատախազությունը Ռ. Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելիս չի հաղթահարել անձեռնմխելիությունը, չկա ԲԴԽ թույլտվություն։
«Ըստ այդմ, Ռուբեն Վարդազարյանին չէր կարող մեղադրանք առաջադրվել»,-ասաց Խուդոյանը։
Հակիրճ ներկայացնելով դատարանի՝ արդեն օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշման բովանդակությունը, փաստաբանը նկատեց, որ դատարանն այդ որոշմամբ պարտավորեցրել է վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքի խախտումները։
«Այս պարագայում հնարավոր չէ խախտումը վերացնել առանց քրեական հետապնդման դադարեցման։ Ըստ դատարանի որոշման, քննիչը, դատախազը պետք է մեղադրանքից հրաժարվեն, դա էլ ենթադրում է, որ Ռուբեն Վարդազարյանը վերականգնվում է ԲԴԽ նախագահի պաշտոնում»,-նշեց փաստաբանը։
Անդրադառնալով դատախազության այն մեկնաբանությանը, ըստ որի, քանի որ որոշումը ենթակա է բողոքարկման, իրենք չեն պատրաստվում դա կատարել, Խուդոյանը հիշեցրեց՝ օրենքի կոպիտ խախտում է։
«Ուղիղ տեքստով է գրված Քրեական դատավարության օրենսգրքում, որ գործն ըստ էության չլուծող ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից՝ անկախ այն բանից դրանք բողոքարկավո՞ւմ են, թե՞ ոչ։ Այսինքն, եթե կբողոքարկվի, կբավարարվի, հետ կգանք նույն իրավիճակին։ Ես մի օրինակ բերեմ։ Եթե դատարանը կալանավորման որոշում է կայացնում, աձին միանգամից կալանավորում են նույն օրը, բայց հետագայում բողոքարկման համար ժամկետ կա։ Այսինքն, եթե այդ ակտն ուժի մեջ մտած չլիներ, անձին չէին կալանավորի»,-մանրամասնեց Խուդոյանը։
Հարցին, կարելի՞ է ենթադրել, որ երկուշաբթի Ռուբեն Վարդազարյանն աշխատանքի կներկայանա որպես ԲԴԽ նախագահ, Խուդոյանը նշեց, որ Ռուբեն Վարդազարյանի հետ հետագա գործողությունների վերաբերյալ քննարկում չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն արձանագրել է Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումներ
- Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
- Ռուբեն Վարդազարյանն ու Նիկոլայ Նովիկովը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները
- Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի