Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել. Քաջարանի քաղաքապետի պաշտպան
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննարկելով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը որոշում կայացրեց Մհեր Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով։
Սակայն «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոչ թե ոմն Մհեր, այլ Մանվել Փարամազյանը։ Սա սովորական դատական ակտի վրիպակ համարել չի կարելի, որովհետև ամբողջ դատական ակտն է այդպիսին։
Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել։ Մինչև ուշ գիշեր տևած դատական նիստի ընթացքում հիմնավորվել է, որ Մանվել Փարամազյանի մեղադրանքը ակնհայտ ապօրինի է և դատարան ներկայացված փաստաթղթերից և ոչ մեկով չի հիմնավորվում, գոնե հիմնավոր կասկածի մակարդակով Փարամազյանը առնչություն ունի որևէ հանցագործության հետ։
Վերջին տարիներին դատարանները փորձ էին կատարում անկախանալ և գնալով ավելի շատ ու շատ դատավորներ փորձ էին կատարում ծառայել օրենքին, այլ ոչ իշխանությանը։ Գագիկ Պողոսյանը իր այս որոշմամբ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը նշված դատավորների թվին չի պատկանում։
Այսօր տարբեր դատավորների նախագահությամբ քննարկվելու է սույն գործով մի շարք անձանց կալանավորելու հարցը։ Կայացված դատական ակտերով պարզ կդառնա, թե դատարանները դեռևս շարունակվում են միտված լինել անկախանալու, թե ՀՀ ԱԺ ընտրությունները փոխել են նաև այս միտումը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
- Փաստաբան. Քաջարանի քաղաքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան