Քուվեյթում օդի ջերմաստիճանը հասել է +70 ° С
Քուվեյթում գրանցվել են ջերմաստիճանային ռեկորդներ՝ ստվերում + 53,3 ° C, արևի տակ + 70 ° C: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնել է Al Rai թերթը:
Այս ամառն անցած 70 տարիների ընթացքում դարձել է ամենաշոգը: Երկրի որոշ շրջաններում իշխանությունները դիմել են բնակիչներին և հորդորել տներում և գրասենյակներում փոխարինել հին օդորակիչները նոր սերնդի սարքերով։
«Այս բարձր ջերմաստիճանը հիմնականում պայմանավորված է Քուվեյթի աշխարհագրական դիրքով, այն շատ մոտ է «Խեցգետնի արևադարձին» , որտեղ արևի ճառագայթները ուղղահայաց են երկրի մակերևույթին»,- ասել է Աստղագիտության և տիեզերական գիտությունների Արաբական միության անդամ Բադր ալ-Ամիրը:
Ըստ նրա՝ երկրորդ պատճառը սեզոնային «հնդկական դեպրեսիան» էր. այսինքն՝ Հնդկական օվկիանոսից եկած արևադարձային ցիկլոնը, որը տարածվեց նաև Սաուդյան Արաբիայում ու հարավային Իրաքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադայում շոգի պատճառով օվկիանոսում շուրջ մեկ միլիարդ ծովային կենդանի էին եփվել:
Կանադայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել էր + 49,6 ° C-ի: