ՈւԵՖԱ-ն տուգանել է բրիտանացիներին Դանիայի դեմ խաղում երկրպագուների խուլիգանության համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, տուգանել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Դանիայի դեմ խաղում Անգլիայի ազգային հավաքականի երկրպագուների կողմից խուլիգանության համար: Անգլիայի հավաքականի երկրպագուները խաղի ընթացքում օգտագործել են լազերային ցուցիչ և պիրոտեխնիկա:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Անգլիայի ասոցիացիայի տուգանքի չափը 30 հազար եվրո է:
Անգլիայի ՖԱ-ի դեմ պատժամիջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ բրիտանացի երկրպագուները դանիացիների դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածի ժամանակ լազերային լույս են գցել դանիացի դարպասապահի աչքերին։ Այսպիսով, հանդիսատեսը փորձել է շեղել դանիացուն։
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն պատժել է Անգլիային այն անկարգությունների համար, որոնք եղել էին թիմերի ազգային օրհներգերի կատարման ընթացքում:
Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ եզրափակիչ դուրս եկած Անգլիայի:
Եվրոպայի չեմպիոնի կոչման համար Անգլիան կպայքարի Իտալիայի դեմ հուլիսի 11-ին։