Ջավախքում իրարանցում է առաջացրել Կարծախի մաքսակետը Ախալքալաք տեղափոխելու լուրը
Թուրքիայի խնդրանքին, որ վրացական կողմը մաքսակետը տեղափոխի Կարծախից Ախալքալաք, վրացական կողմը դրական էր արձագանքել, բայց Վրաստանի Եկամուտների ծառայությունից վստահեցնում են, որ տեղափոխման հարց չի քննարկվում, որ չի էլ եղել նման խնդրանք, տարածված ինֆորմացիան տեխնիկական սխալի արդյունք է՝ կամ լրագրողն է սխալ հասկացել, կամ թարգմանիչն է սխալ թարգմանել: Jnews-ը կապ է հաստատել տեղեկատվության սկզբնաղբյուրի՝ «Բաթումելեբիի» հետ, որտեղից ձայնագրություն տրամադրել են, որից պարզ է դառնում՝ լրագրողը չի սխալվել:
Վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպման ժամանակ Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Տուրագային հայտարարել էր, որ Թուրքիան կցանկանար մաքսային և բոլոր տեսակի ընթացակարգերն իրականացվեն Ախալքալաքում: Ինչին էլ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավան պատասխանել էր, որ հարցը դրական լուծում կստանա:
Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվել է Ջավախքում և մեծ իրարանցում առաջացրել:
Jnews-ը հեռախոսազրույց է ունեցել Եկամուտների ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Թամար Անդրիաձեի հետ: Նա վստահեցրել է, որ Կարծախի մաքսակետի տեղափոխման հարց չկա, տարածված տեղեկությունը տեխնիկական սխալի հետևանք է։
«Եղել է տեխնիկական սխալ, որը չեմ կարող ասել թարգմանիչն է թույլ տվել, թե լրագրողն է սխալ հասկացել։ Ոչ մի բանի տեղափոխում չի լինի, այս չափսի գործող մաքսային անցակտեի տեղափոխում չի լինի, դա սխալ է, այդ սխալը գործակալությունը պետք է ուղղեր, որը տարածվել էր։ Այդպիսի բան Թուրքիայի կողմից չի եղել, և էլի եմ ասում՝ դա տեխնիկական սխալ էր, որը պետք է ուղղվեր։ Ոչ Թուրքիայի կողմից, ոչ Վրաստանի կողմից այդպիսի խոսք չի եղել», – ասել է Թամար Անդրիաձեն:
Քանի որ տարածված տեղեկատվության սկզբնաղբյուրը «Բաթումելեբի» կայքն է, Jnews-ը կապ է հաստատել խմբագրության հետ՝ պարզելու, արդյո՞ք տեխնիկական սխալ է եղել: Խմբագրությունը կայքին տրամադրել է մի ձայնագրություն, որտեղ էլ պարզ լսելի է «Բաթումելեբիի» լրագորղի հարցը և Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Տուրագայի պատասխանը, որին ներկա է գտնվել նաև թարգմանիչը։
«Բաթումելեբիի» լրագրողը Ռիզա Թունա Տուրագային հարցրել է, թե ինչո՞ւ է թուրքական կողմը պահանջում Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք, որին հետևել է հետևյալ պատասխանը. «Կարծախում առկա ենթակառուցվածքը բավարար չէ մաքսային գործողություններն արագ իրականացնելու համար: Հետևաբար, մեզ համար կարևոր է, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային ընթացակարգեր, և այլևս ձգձգումներ չլինեն: Մենք կարծում ենք, որ եթե մաքսային գործողություններն իրականացվեն Ախալքալաքում, ապա տվյալ ընթացակարգերը կարագանան»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ուզում է Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք
- Կարծախի մաքսային անցակետում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները