Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի առաջիկա համերգային ծրագրերը
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան): ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համերգը նվիրվում է նվագախմբի համահիմնադիր Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին: Կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին: Տարիների ընթացքում նվագախումբը ղեկավարել են Թոմիկ Սարգսյանը, Թաթուլ Եղիազարյանը, Սերգեյ Մացոյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սամվել Ադամյանը: Նվագախմբի հետ հանդես են եկել բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում՝ նպաստելով դասական երաժշտության տարածմանն ու պահպանմանը:
Հուլիսի 13-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Համերգը կրում է «La Francophonie Chantée» խորագիրը: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավարն է Սերինե-Լյուբա Թադևոսյանը:
Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։ Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։
Հուլիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Խաչատուր Ավետիսյանի և Վլադիլեն Բալյանի քնարական մեղեդիներն ու երգերը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանը: Տնօրենը և դիրիժորն է պրոֆեսոր Հրաչ Նազարյանը, անսամբլի խմբավարը և մեներգիչը՝ Լաուրա Մամյանը, կոնցերտմայստերը՝ Աշոտ Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները