Լիա Իվանյան. Մեր մեծ, հայկական փոսը
Լինում են չէ իրավիճակներ, երբ զարմանում ես, թե ոնց կարող էր քեզ հետ նման բան կատարվել։ Շատ ավելի վատ է, երբ քո երկրում կատարվողն է ապշեցնում աբսուրդի հասնող իր անբացատրելիությամբ։
Հիշում եմ, երբ 1988-ին պայթեց Սումգայիթի կոտորածի բոթը, հետո մազապուրծները պատմում էին ահասարսուռ մանրամասները, անընդհատ մի միտք էր տանջում՝ ո՞նց կարող էր 100 տարի առաջվա գազանությունը կրկնվել մեր օրերում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ։ Թվում էր, թե պատմության այդ էջը մեզ համար արդեն ընդմիշտ փակված էր։ Պարզվեց, որ ոչ։
Հիմա նույն զարմանքն է՝ ո՞նց կարող էինք ազգովին էնքան դեբիլանալ, որ ասես կողքից ենք նայում, թե ինչպես ենք հիպնոսացված գազանիկների նման ընկնում օտարների կողմից ծրագրավորված և հայ ներկայացող սրիկաների ձեռքով փորած ահռելի փոսը։ Բայց չէ՞ որ մեկ օրում չգոյացավ այդ փոսը։ 20 տարին մի կողմ թողնելով՝ արձանագրենք, որ 2018-ից անդադար երկրի կործանման ահազանգերի էինք ականատես լինում, բայց չգիտես ինչու հանրությունը դրանց միշտ ընդգծված քամահրանքով է վերաբերվում։ Այ, էդպես էլ թողեցինք, որ «ձու գողացողը ձի գողացող դառնա»։
Հիշեք, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին փողոցում, ոտքի վրա կառավարութան կազմը փոխեց ինքնահռչակ վարչապետը, ոչ ոք չբռնեց նրա ձեռքը և չասաց՝ ո՞վ ես դու, որ օրենք ուՍահմանադրություն ես ոտնակոխ անում։ Գուցե եթե այն ժամանակ համապատասխան կառույցները հավատարիմ մնալով իրենց կոչմանը՝ ինքնակոչին ցույց տային իր տեղը, այսօր չէինք ունենա հրաժարական տված, բայց իշխանությունը բռնազավթած ԺՊ, ով ում հետ ինչ ուզում պայմանավորվում է, ինչ ուզում ստորագրում է, ինչ ուզում ծախում ու նվիրում է։ Հիմա արդեն կառույց էլ չի մնացել, որ շնչի և արտաշնչի առանց ուզուրպատորի թույլտվության, ուր մնաց թե ձեռքը բռնող լինի։
ՍԴ-ում ընթացող արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունից հատվածներ նայելիս ապշեցնում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ինքնավստահությունը։ Մարդ, ով հարկատուների հաշվին տարուց ավել չաշխատելով բարձր աշխատավարձ ու բենզին է ստացել, հանկարծ մտահոգվում է ՍԴ դատավորների վիճաբանության առիթով հանրության կարծիքով։ Դու ներողություն խնդրի անաշխատ եկամուտներիդ համար։
Արդարադատության նախարարն ու փոխնախարարն այնպես են մեղմացնում վարչապետական «սաղին շինելու ենք», « ռադ ենք անելու», «քաղաքական վենդետա ենք անելու», «մխելու ենք» նախընտրական քարոզչության հայհոյաբանությունները, ասես խեղճ մարդն ընդամենը օրորոցային էր երգել՝ ձեռքին պատահաբար հայտնված մուրճով, բայց իրեն սխալ են հասկացել։ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ սանձազերծված ռեալ հետապնդումնե՞րն էլ ենք սխալ հասկանում։
Ահա թե ուր հասցրին մեր երկիրը դատարկաբանությունն ու դեմագոգիան։ Երեք տարուց ավել, մի տեսակ ոչխարային խոնարհությամբ, հետևում ենք ազգակործան փոսի մեծացմանը՝ հերոսներին և ոլորտների պրոֆեսիոնալներին հեղինակազրկելու տեսքով, ազգային և ընտանեկան արժեքները հետին պլան մղելու տեսքով, եկեղեցին և կրթությունը ապազգայնացնելու արշավի տեսքով, պատերազմում պարտվելու տեսքով, ռազմագերիներին սակարկման առարկա դարձնելու տեսքով, Հայաստանը մաս-մաս ծախելու տեսքով։ Ո՞նց հասանք էս օրվան։ Մի՞թե սա է մեր ժողովրդի իրական դեմքը։
Վարչական ռեսուրսի անխնա կիրառմամբ անցկացված այս ընտրություններում 688 000 հոգի ողջունեց այս գահավիժումը, 400 000 հոգուց ավել մարդ ընդդիմությանը լիազորեց կանգնեցնել այն, իսկ 1 313 515 քաղաքացի էլ իրեն սոսկ դիտորդի դեր վերապահեց։ Մի հարց է հետաքրքրում՝ ինչպե՞ս են ամենակուլ փոսին վերաբերվում միլիոնից ավել այդ «դիտորդները»։ Երևի հիմա էլ ակնկալում են, որ ՍԴ-ն իրենց չկատարած քաղաքացիական պարտքի արդյունքներում շտկումներ կմտցնի․․․ Ավաղ, 50 տոկոս չմասնակցածներն իրենց իրական մեղքը կզգան միայն փոսում հայտնվելուց հետո, որի սահմանները հենց իրենք մեծացին իրենց անտարբերությամբ և «սիրում եմ-չեմ սիրում» պարզունակ մտածողությամբ։
Վաղուց արդեն մտքիցս դուրս չեն գալիս հանճարեղ Վահան Տերյանի տողերը՝ «Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ, Պատել, պայծառ Նաիրի»․․․ Հույս ունենանք, որ եթե այն ժամանակ չենք մահացել և թոթափել ենք նինջը՝ այս անգամ էլ կհաղթահարենք չարին։ Հետո, իհարկե ամոթով կհիշենք մեր այս կենդանական հանդուրժողականությունը, որը թույլ տվեց դրածոին մի ողջ պետության ճակատագրի հետ խաղալ։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Պարտադրված զրույց զոմբիի հետ
- Լիա Իվանյան. Խաբեության շքահանդես
- Լիա Իվանյան. Ճամփաբաժնին
- Լիա Իվանյան. Մուրճային քարոզ
- Լիա Իվանյան. Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը
- Քարոզարշավի մեկնարկը. Լիա Իվանյան
- Լիա Իվանյան. Իսպանական ամոթ հայկական հողում
- Լիա Իվանյան. Պետականաքանդներին պատժելը հանրային պահանջ է
- Լիա Իվանյան. Աճապարող հրձիգը
- Լիա Իվանյան. Անկանխատեսելի 25 օր
- Լիա Իվանյան. Առաջնայինը երկիրը փրկելն է
- Լիա Իվանյան. Հայ մնալու ընտրություն
- Լիա Իվանյան. Ինչպես պահպանել հոգեկան հավասարկշռությունը նախընտրական շրջանում
- Լիա Իվանյան. Փրկության դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին