Հարցաքննության են կանչում բոլորին անխտիր․ Գորիսի փոխքաղաքապետ
Երեկ հրապարակվել էր տեսանյութ, որում որոտանցիները ներկայացրել են, թե ինչպես են իրավապահները փորձել իրենցից սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի դեմ։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացրել է իրավիճակը.
«Հարցաքննության են կանչում բոլորին անխտիր, ովքեր ստացել են աջակցություն. բնակիչներն ասում են, որ իրենցից պահանջել են, որ դա գրեն որպես ընտրակաշառք: Եվ դա ոչ թե մենք ենք ասում, այլ մեր քաղաքացիներն են ասում: Դրանք ոչ թե տասնյակ դեպքեր են, այլ հարյուրավոր, երբ քաղաքացիներին ստիպում և պարտադրում են, կանանց ահաբեկում են, որպեսզի ցուցմունքներ կորզեն:
Մինչև հիմա քաղաքացիներ կան, որոնց 4-5 անգամ տարել են հարցաքննության, որ ցուցմունք կորզեն:
Մեր քաղաքացիները ցուցմունքը չեն գրում, որովհետև մարդիկ փաստացի գիտեն, որ իրենց որևէ մեկը քաղաքական ուղղորդում որպես այդպիսին, չի արել, և նրանք այդ աջակցությունները ստացել են, որովհետև այդ ընտանիքներում կան բուժման հետ կապված և առօրյա սոցիալական խնդիրները հոգալու ծախսեր:
Մի քանի դեպքեր կան, երբ քաղաքացիներն ասում են, որ մենք այդ գումարը հետ ենք վերադարձնում, միայն թե մեզ հանգիստ թողնեն»,- հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետը:
Յոլյանի խոսքերով՝ պետք է տրվի իրավական գնահատական այդ ապօրինություններին։
Իրինա Յոլյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերին, հայտարարեց.
«Իրադարձությունները ցույց են տալիս, որ դա քաղաքական հետապնդում է, որովհետև Լուսինե Ավետյանի դեպքի հետ կապված՝ ընտանիքը, ով ցուցմունք էր տվել վարչական ղեկավարի դեմ, նրանք հրապարակային նշել են, որ իրենք վախեցած են եղել, և ոստիկանությունն իրենց ահաբեկել է, որ եթե ցուցմունք չտան, կձերբակալեն:
Տեսանյութը հրապարակվել է, մարդիկ խոսել են, լրատվամիջոցներին ներկայացրել են, և եթե այդքանից հետո ձերբակալումն ապօրինի չի ճանաչվել, և ավելին՝ ծառայողական քննություն չի սկսվել քննիչի նկատմամբ, սա միանշանակ խոսում է քաղաքական հետապնդման մասին»:
Յոլյանի փոխանցմամբ՝ 2020թ.-ի սեպտեմբերից մինչև հունիս քաղաքացիներին տրամադրել են դրամական աջակցություն:
«Միայն հունվարից-հունիս մենք 43 անգամ դրամական աջակցություն ենք տրամադրել և հիմա ուզում են, որ այդ ամենը բերեն-կապեն ընտրությունների հետ:
Բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել պատերազմից հետո, մարդիկ տներ են կորցրել, հողեր: Պատերազմից հետո անասնակեր մարդիկ չեն ունեցել իրենց անասուններին կերակրելու համար, և եթե դիմումները ուսումնասիրեք, կտեսնեք, որ շատերը դրամական աջակցություն են ստացել, որպեսզի կարողանան անասնակեր ձեռք բերել:
Փորձում են արհեստական աղմուկ բարձրացնել, իբր թե ընտրակաշառք է բաժանվել»,- եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան