Դելտա շտամի պատճառով Pfizer-ը ցանկանում է COVID-19 պատվաստանյութի երրորդ չափաբաժին կիրառել
Pfizer-ը նախատեսում է դիմել ԱՄՆ-ի դեղամիջոցների ու սննդի վերահսկողության գերատեսչություն (FDA) հաջորդ ամսվա ընթացքում, որպեսզի վերջինս թույլատրի կիրառել COVID-19 պատվաստանյութի հավելյալ երրորդ չափաբաժինը: Դա կապված է հիվանդության խիստ վարակիչ Դելտա տարբերակի տարածման հետ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Pfizer-ի ղեկավար մարմնի անդամ Միքայել Դոլստենն ասել է, որ վերջերս Իսրայելում արձանագրված պատվաստանյութի արդյունավետության անկումը հիմնականում պայմանավորված էր հունվար կամ փետրվար ամիսներին պատվաստված մարդկանց վարակմամբ: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսին պատվաստանյութերի արդյունավետությունը ինչպես հիվանդության առկայության, այնպես էլ դրա կանխարգելման հարցում ընկել է 64 տոկոսով:
Pfizer-ի սեփական տվյալները Միացյալ Նահանգներից ցույց են տալիս, որ պատվաստանյութի արդյունավետությունը վեց ամսում նվազել է մինչև ավելի քան 80 տոկոս, ասում է Դոլստենը: Սակայն նա շեշտում է, որ Իսրայելից և Մեծ Բրիտանիայից ստացված տվյալները ենթադրել են տալիս, որ նույնիսկ նվազող հակամարմինների մակարդակով պատվաստանյութը մնում է չափազանց արդյունավետ ծանր հիվանդությունների դեմ:
Pfizer-ը նախկինում ասել էր, որ ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի կիրառել ուժեղացնող չափաբաժինը: Բայց որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում դրա անհրաժեշտությունը: Այս պահին FDA-ը հրաժարվել է որևէ մեկնաբանությունից Pfizer-ի ծրագրերի վերաբերյալ:
Ըստ նրա՝ ընկերության սեփական ուսումնասիրությունների վաղ տվյալները ընդգծում են երրորդ ուժեղացնող չափաբաժնի կիրառման անհնրաժեշտությունը, որի շնորհիվ հնարավոր է մեծացնել հակամարմինների մակարդակը հինգից տասն անգամ՝ համեմատած երկրորդ դեղաչափից հետո: Ընկերության ներկայացուցիչը կարծում է, որ այսպիսով հնարավոր կլինի ապահովել խոստումնալից պաշտպանություն համավարակից: