Հայիթիում պատմել են հարձակման արդյունքում վիրավորված նախագահի այրու վիճակի մասին
Հայիթիի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ առաջին տիկին Մարտին Մոիզը, որը վիրավորվել է հարձակման արդյունքում՝ գտնվում է լավ վիճակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Haiti24-ին:
Ժոզեֆը հաստատել է, որ շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել մահացած նախագահ Ժովենել Մոիզի տիկնոջ հետ:
«Առաջին տիկինը լավ վիճակում է: Շաբաթ օրը մենք մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել: Բացի այդ, ես առաջինն էի, ում վիրահատությունից հետո նա զանգել է»,- հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայիթիի նախագահ Ժովենելյա Մոիզը մահացու վիրավորում է ստացել չորեքշաբթի գիշերը իր նստավայրի վրա հարձակման արդյունքում: Նրա կինը՝ Մարտին Մոիզը, նույնպես վիրավորվել էր, այժմ գտնվում է կայուն վիճակում Մայամիի (ԱՄՆ) հիվանդանոցներից մեկում։
Հայիթիի իրավապահ մարմինները հինգշաբթի օրը հայտարարել են, որ բացահայտել են նախագահ Ժ. Մոիզի սպանության մասնակից 28 կասկածյալների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են: Ընդհանուր առմամբ, ոստիկանության պետի խոսքով, հանցավոր խմբի 17 անդամներ բերման են ենթարկվել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Հայիթիի ժողովրդին՝ նախագահ Ժովենել Մոիզի սպանության կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ և վշտացած Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությամբ: Անվերապահորեն դատապարտում եմ այդ հրեշավոր արարքը»,- գրել է Փաշինյանը: