Մուրճի ցուցադրումը սիմվոլ է ու այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ. Դատախազ
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ բոլոր դիմումներում առկա են բռնության կոչերի վերաբերյալ կետեր, որոնք, ըստ նրանց, հանգեցրել են Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված ազատ ընտրոողների և 7-րդ հոդվածով ամրագրված ազատ ընտրական իրավունքի խախտմանը: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց դատախազ Կարեն Բիշարյանը:
«Ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ: Հետևաբար, եթե խոսք է հնչեցվում օրինական, իրավական հարկադրանքի մասին, այդ պարագայում խոսք չի կարող լինել բռնության մասին»,- նշեց նա:
Նրա խոսքով, քննարկման առարկա դարձված բոլոր հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է ու այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։
«Այս պայմաններում, կարծում եմ, ակներև է, որ խոսքի համատեքստն ամենևին էլ բռնությանը չի վերաբերում: Միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին, բայց վերադառնամ իմ նախորդ մտքին, որ ցանկացած հարկադրանք բռնություն չէ: Հարկադրանքը կարող է լինել օրինական, իրավական:
Եթե խոսքի համատեքստն արդարացի գնահատման ենթարկվեր դիմումատուների կողմից, կարծում եմ, կարելի էր գալ այն հստակ եզրահանգմանը, որ խոսքի համատեքստը բացառապես վերաբերել է անօրինական, հակաիրավական դրսևորումներին համարժեք իրավական գնահատական տալուն»,- ասաց դատախազ Կարեն Բիշարյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին՝ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան