Անընդունելի է այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ. ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանններ
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ինչպես հայտնում են նախարարությունից, դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։
«Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախաձեռնել է նաև քայլեր՝ հասցնելու Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը համապատասխան այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանությունները մեկնաբանել են Շուշի այցելության մերժումը
- «Ժողովուրդ». Չկա ԱԳ նարարարություն, լուռ է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը. Ադրբեջանն ինչ ուզում անում է
- Սուրեն Սարգսյան. Հայաստանում հավատարմագրված քանի՞ դեսպանների խումբ այցելեց Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին