Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները. ՄԻՊ
Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է«խղճահար մոտեցում» կամ «կարեկցանքից» ելնելով օգնություն: Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Իրականում, խոսքը պետք է վերաբերի հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքին, նրանց համար ինքնուրույն և անկախ կյանքով ապրելու, հանրային կյանքին նրանց լիարժեք ներգրավման պայմաններ ստեղծելուն:
Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները՝ անկախ կյանքի հմտությունների շնորհիվ:
Պետք է գնալ խոչընդոտող միջավայրային արգելքները վերացնելու և բոլորի հետ հավասար հիմունքներով նույն հնարավորությունները ստեղծելու ճանապարհով (աշխատանքի հմտություններ և աշխատանքի պայմաններ, ենթակառուցվածքներ, վերաբերմունք և այլն): Ընդ որում, պետք է այդ ընթացքում հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները, դրանց յուրահատկությունները:
Սխալ ընկալումների և կարծրատիպերի պատճառով է, որ շղթայական ոտնահարվում են այլ իրավունքներ ևս, օրինակ՝ արժանապատվության, մասնավոր կյանքի, տեղեկատվության ազատության երաշխավորումը:
Վիճակը հատկապես մտահոգիչ է չափահաս դառնալուց հետո մասնագիտացված հաստատություններում հաշմանդամություն ունեցող սաների իրավունքների տեսանկյունից, քանի որ նրանք առավել խոցելի են իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու, հանրային կյանքին ներգրավվելու և հատկապես զբաղվածության ապահովման տեսանկյունից: Ընդ որում, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ավելի են խորացել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու համակարգային խնդիրները:
Այս վիճակի պատճառով է, որ մարդիկ մեկուսանում են հասարակությունից, զրկվում ինչպես համայնքում ներգրավվելու, այնպես այլ իրավունքների իրականացման հնարավորությունից»,- գրել է Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմները՝ անարդյունավետ․ ՄԻՊ
- Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները