Ակնհայտ է, որ այս ընտրական գործընթացները բավական մեծ սպառնալիքների, ահաբեկումների ներքո է իրականացվել․ Տիգրան Աբրահամյան
«Սահմանադրական դատարան դիմած ուժերն արդեն հնարավորություն ունեցել են մեծ ծավալով ներկայացնելու իրենց դիրքորոշումները, այդ թվում ընտրախախտումների վերաբերյալ։ «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է 9 հիմնական թեզերի միջոցով, որոնցում կարևորագույններից մեկը նախընտրական արշավի ժամանակ ընտրողների, համայնքապետերի նկատմամբ, ովքեր չեն կիսում իշխանության դիրքորոշումը, հնչեցված սպառնալիքներն էին»,-այս մասին այսօր ՍԴ-ում Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանն ասաց, որ սպառնալիքները հնչեցվել էին վարչապետի պաշտոնակատարի կողմից՝ ընտրություններին մասնակից ուժերից մեկի ղեկավարի կողմից, ապա այն ավտոմատ կերպով իջեցվել էր ներքև, նաև արտահայտվել էր պետական բարձր պաշտոն զբաղեցնող այլ անձանց սպառնալիքներով։
«Այս փուլում, երբ ՍԴ-ում քննարկվում է դրա հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների վրա, զուգահեռ ականատես ենք լինում դրա փաստացի կիրառմանը, որն արտահայտվում է տարբեր համայնքների ղեկավարների ձերբակալությունների, կալանվորումների բավականին տգեղ քաղաքական շոուի ուղեկցման միջոցով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է բարձրացված խնդիրների կիրառելիությունը»,- ասում է Տիգրան Աբրահամյանը։
«Ակնհայտ է, որ այս ընտրական գործընթացները բավական մեծ սպառնալիքների, ահաբեկումների ներքո է իրականացվել, որն ուղեկցվել է երկրի բարձագույն պաշտոն զբաղեցնող անձի անձնական սպառնալիքներով, որն այսօր փաստացի կյանքի է կոչվում»,- ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կկարողանար պահպանել իշխանությունը, եթե չլինեին ընտրախախտումներ, Աբրահամյանն ասաց, որ իրենց դաշինքի կողմից ՍԴ դիմելն արդեն իսկ ցույց է տալիս, որ նկարագրված բաղադրիչներից նույնիսկ մեկի առկայությունն ինքնին ցույց է տալիս դրա լուրջ ազդեցությունը ընտրական գործընթացների ու դրա արդյունքների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան