Արցախի ԱԳՆ. Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ.
«Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։
Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։
Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործությունների արդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։
Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանությունները մեկնաբանել են Շուշի այցելության մերժումը
- Սուրեն Սարգսյան. Հայաստանում հավատարմագրված քանի՞ դեսպանների խումբ այցելեց Շուշի
- ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան