Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված հարցերը․ Թաթոյան
«Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված հարցերը։ Բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական կոմպոնենտների ներքո ու ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը»,-այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թաթոյանի խոսքերով, ցանկացած երկրի սահմանների որոշման կարևորագույն հարցերից է՝ որքանով է դրա արդյունքում պահպանվում, երաշխավորվում առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները, անգամ բնականոն կյանքն ու ավանդույթները։
«Մեր պարագայում ռազմական ու քաղաքական կոմպոնենտների գերակայության պատճառով պետությունն ինքն իրեն դրել է սահմանափակումների մեջ։ Արդյունքում ստացվել է այնպես, որ մի վտանգավոր թեզ էլ է զարգանում, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունն իրար հակադրվում են։ Ստացվում է տպավորություն, որ քանի որ ռազմական ու քաղաքական հարցեր են, հետևաբար անվտանգություն է, ուրեմն մարդու իրավունքներն այստեղ կապ չունեն»,-ասաց Թաթոյանը, հավելելով, որ իրականում մարդու իրավունքներն ու անվտանգությունը լրացնում են իրար։
ՄԻՊ-ը նշեց, որ մարդու իրավունքների տեսանկյունից հարցերը դիտարկելու դեպքում պետությունը մեծացնում է իր հնարավորությունները։
«Ճիշտ է, ՀՀ պետական սահմանների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց ՀՀ-ն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն»,-ասաց Թաթոյանը։
Թաթոյանի խոսքերով, այստեղ ռազմավարական հարց կա․ մարդու իրավունքները հիմքում դնելու դեպքում, մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու պարագայում, պետությունը կկարողանա քաղաքական, ռազմական ատյաններում ուժեղացնելու իր դիրքորոշումները։
«Օրինակ, հիմա ադրբեջանական իշխանությունները լայնորեն զարգացրել են խաղաղասիրական գործընթացներ, բայց իմ միջազգային քննարկումներում մենք կարողացանք իրականությունը ներկայացնել հենց այս փաստերի շնորհիվ։ Իսկ մարդու իրավունքների խախտումները կոնկրետ փաստերով են»,-ասաց Թաթոյանը, նշելով, որ այս կոմպոնոնտները միանշանակ կօգնեն ռազմաքաղաքական հարցերում․ ստացվում է մարդու իրավունքների հարցերով ուժեղանում են մյուս կոմպոնոնտները։
ՄԻՊ-ն ասաց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանին ձեռնտու է ռազմական ու քաղաքական կոմպոնոնտները, քանի որ խախտումների հարցում մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք ներկայացնելու։
Թաթոյանն ասաց, որ պետք է ունենալ կազմակերպված քաղաքականություն պետության ներսում՝ պետական մարմինների կողմից։
«Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում։ Ամենաթարմ օրինակը` հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ փոխհրաձգություն և ՀՀ ՊՆ-ն հաստատեց այն, ու մեկ զինծառայող վիրավորվել էր։ Դրանից հետո փաստահավաք աշխատանքի արդյունքում պարզվեց, որ այդ կրակոցները եղել էին ՀՀ ինքնիշխան տարածքում, քաղաքացիները ևս հաստատել էին։ Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին ու ասում՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարն ասում է․ «Չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիներն այդ կողմը չեն էլ գնում»։ Ինչպես կարելի է նման բան ասել, երբ ես ինքս եմ եղել այդ վայրում ու ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, գյուղացիները չեն կարողանում օգտվել դրանցից»,-ասում է Թաթոյանը, հավելելով,- «Սրանից հետո ես ինչքան էլ գնամ միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը, կասեն, ինչ եք խոսում, տեսեք ձեր գյուղապետերը ինչ են ասում, գյուղացիները ոչ մի խնդիր չունեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան