Ադրբեջանական զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը․ Արման Թաթոյան
«Ոտնահարվել է մեր՝ ջրի և սանիտացիայի իրավունքը։ Ջրի իրավունքը ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդու հիմնարար իրավունքներից է»,-այս մասին այսօր ՀՀ սահմանների, սահմանային բնակչության իրավունքների խախտումներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թաթոյանը որպես վառ օրինակ բերեց Մեղրի գետի Զվարագետ վտակը։
«Արդեն 5 տարուց ավել է, որ ադրբեջանական զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին։ Վտակն առաջանում է նաև ձնհալների արդյունքում ու օգոստոս ամսից միշտ միացել է Մեղրի մայր գետին»,-ասաց Թաթոյանը։
ՄԻՊ խոսքերով, ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը Զվարագետ վտակի, այն այլևս չի միանում Մեղրի գետին, այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած լրջագույն խնդիրներ են առաջանում ջրի հասանելիության հետ կապված։ Խոսքը վերաբերում է Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ համայանքներին, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերին, որը Մեղրի համայնքի բնակչության մոտ 90 տոկոսն է կազմում։
Մյուս հարցը, որ ջրի հասանելիության խնդիր է, Արման Թաթոյանի խոսքերով, Սև լճի հատվածն է, ուր ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը ու իրենց հանցավոր ներկայությամբ խախտում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները։
«Այդ ջրային պաշարները նրանց վերահսկողության ներքո են»,-ասաց Թաթոյանը, հավելելով, որ այս հարցերը Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորություններ ունի։
Թաթոյանի խոսքերով, Գեղարքունիքի մարզում կան ջրային ավազաններ, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։