Թալիբները Անկարային սպառնում են հետևանքներով, եթե Թուրքիայի իշխանությունները չհանեն իրենց զորակազմն Աֆղանստանից
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը կտրուկ դեմ է արտահայտվել Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը:
«Թուրք կառավարիչների հայտարարությունը շարունակել իրենց ագրեսիան մեր երկրի դեմ Միացյալ Նահանգների խնդրանքով և որոշմամբ` մեր մեջ ատելություն և թշնամանք է առաջացնում և վնասում է երկկողմ հարաբերություններին», - ասված է շարժման՝ այսօր տարածված հայտարարությունում:
Թալիբանի առաջնորդները նշում են, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի անվանումից, ագրեսիա է»: Այս մասին գրում է swissinfo-ն։
Նրանք հիշեցնում են, որ Աֆղանստանից բոլոր օտարերկրյա զորքերը դուրս բերելու որոշումը «կայացվել է ՄԱԿ-ի կողմից վավերացված և աշխարհի կողմից ճանաչված Դոհայի համաձայնագրի հիման վրա»:
2020 թվականին Դոհայում ԱՄՆ-ը և «Թալիբան»-ը (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) կնքեցին խաղաղության համաձայնագիր, որը նախատեսում է 14 ամսում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և միջաֆղանական երկխոսության սկիզբը:
Թալիբանի ղեկավարության կարծիքով՝ «Թուրքիայի իշխանությունների որոշումը անլուրջ քայլ է և հակասում է մեր ազգի ինքնիշխանությանը, տարածաշրջանային անվտանգությանը և ազգային շահերին»:
«Մենք չենք խառնվում ոչ մեկի գործերին և թույլ չենք տա որևէ մեկին խառնվել մեր գործերին», - ասված է հայտարարության մեջ:
Թալիբները նախազգուշացնում են Թուրքիայի իշխանություններին «հետևանքների համար պատասխանատվության» մասին, որոնք կրելու է Անկարան, եթե չհրաժարվի իր մտադրությունից:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Թայիփ Էրդողանը համաձայնության եկան, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում Թուրքիայի զինված ուժերը առաջնային դեր կխաղան:
Հունիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատեց Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը՝ համապատասխան պայմանների առկայության պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
- «Թալիբան»-ը դիմել է Ռուսաստանին՝ շարժումը պատժամիջոցների ցուցակներից հանելու համար
- Թալիբները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ քաղաքի՝ Կանդահարի վրա
- Աֆղանստանից բանակցությունների համար միաժամանակ Թեհրան է ժամանել չորս քաղաքական պատվիրակություն
- Լավրովը՝ Աֆղանստանի հետ կապված․ Մոսկվան ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար