Սիմֆոնիկ նվագախմբի համար բարդ շրջան էր, սակայն մեծ ձեռքբերումներ ենք ունեցել անցնող համերգաշրջանում. Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր կայացած ասուլիսում ամփոփել է 2020-2021 համերգաշրջանը, որը նաև հոբելյանական էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նվագախումբը 2021թ. հունվարի 25-ին նշել է կազմավորման 15-ամյակը։
Նվագախմբի ղեկավարի խոսքով, բարդ շրջան էր, սակայն մեծ ձեռքբերումներ են ունեցել անցնող համերգաշրջանում, աշխատել են տարբեր երաժիշտների հետ, ներկայացել են 40 համերգով: Համերգներից վեցը կայացել է առցանց: Մեկ համերգ տեղի է ունեցել Շիրակի մարզում, մեկ համերգ էլ՝ Արցախում:
«Համավարակով պայմանավորված՝ դժվար պայմաններում անգամ կարողացել ենք հյուրախաղերի մեկնել. չորս համերգով ենք ներկայացել Դուբայում, որտեղ աշխատել ենք Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիրների հետ, ինչը ձեռքբերում է»,- ասել է մաեստրո Սմբատյանը։
Համերգաշրջանին նվագախումբը ներկայացրել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ հանդես գալով 5 համերգային ծրագրով և հայտնի մենակատարների հետ: Կազմակերպել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, ինչպես նաև՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նշանավորելով հայ մեծ կոմպոզիտորների հոբելյանները: «Այն նեղ մասնագիտական փառատոն է, բայց ունի շատ կարևոր ելևէջներ. մեր կոմպոզիտորները ոգևորվում են: Պրոֆեսիոնալ իմաստով դա կարևորագույն փառատոներից է»,- նշել է Սմբատյանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես պաշտոնական նվագախումբ մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որն այս տարի անցկացվել է դիրիժորություն մասնագիտությամբ։
2020թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Նվագախումբը համերգաշրջանի ընթացքում հանդես է եկել նաև հատուկ նախագծերով։ Մասնավորապես, Սիմֆոնիկ նվագախմբի կենդանի նվագակցությամբ ցուցադրվել է «Սառցե սիրտը» մուլտֆիլմը։ Ունկնդիրները համերգաշրջանի ընթացքում վայելել են «Սիմֆոնիկ Հոլիվուդ» և «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրերը, իսկ հուլիսի 24-ին մանուկների համար կներկայացվի Դեն Բրաունի հայտնի «Վայրի սիմֆոնիա» համերգ-հեքիաթը։
Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Էդուարդ Հայրապետյանի «Կախարդական կոճակներ» բալետը, Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը, Տիգրան Մանսուրյանի Պարտիտը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։
Ասուլիսին ներկա էր նաև 15-ամյա դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովը, որը հուլիսի 15-ին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Բեթհովենի երրորդ կոնցերտը։
Նվագախումբն ու պատանի դաշնակահարը համերգը կնվիրեն Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։
«Ես երջանկություն եմ ունեցել անձամբ տեսնելու մաեստրո Էդվարդ Միրզոյանին, երբ փոքր է։ Նրա հետ լուսանկար ունեմ»,- ասել է Դմիտրին։ Նա նաև նշել է, որ հայ կոմպոզիտորներից Բաբաջանյանի «Էլեգիան» է կատարել։
«Իհարկե, հայ կոմպոզիտորների բազմաթիվ այլ հիանալի ստեղծագործություններ կան, հաստատ ընտրություն կա։ Եվ ոչ փոքր»,- նշել է Դմիտրի Իշխանովը։
Հարակից հրապարակումներ`
- Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն՝ Հայաստանում
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով
- Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Նարեկ Հախնազարյանը
- Պիացցոլլայի և Վիվալդիի ստեղծագործությունները կհնչեն Ռուդինի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
- Գերմանացի ունկնդրի կողմից մեծ ընդունելությունը շրջադարձային է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն կտեսաձայնագրի դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները
- Սիմֆոնիկ նվագախումբն աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան