Oլիմպիական ավանն արդեն գործում է
Տոկիոյի խաղերի օլիմպիական ավանն արդեն գործում է: Այս մասին հայտնել է կազմկոմիտեն, փոխանցում է ՀԱՕԿ-ը։ Համավարակի պատճառով բացման պաշտոնական արարողություն չի կատարվել:
Գյուղը գտնվում է Տոկիոյի ծովածոցի ափին և զբաղեցնում է շուրջ 44 հա: Այն նախատեսված է 18 հազար մարզիկների համար: Նրանք խաղերի ընթացքում կզբաղեցնեն 3800 բնակարան:
Մարզիկները գյուղ կժամանեն իրենց մեկնարկից հինգ օր առաջ և պետք է հեռանան ավարտից հետո՝ երկու օրվա ընթացքում:
Գյուղում շուրջօրյա կգործի հատուկ բուժստորաբաժանում` վարակի ախտանիշներով մարզիկներին հետազոտելու համար: