ԱՄՆ-ն արգելել է 113 երկրներից՝ ներառյալ Հայաստանից շների ներմուծումը
Այսօրվանից՝ հուլիսի 14-ից ԱՄՆ իշխանությունները ժամանակավոր արգելք են դրել շների ներմուծման վրա աշխարհի 113 երկրներից, այդ թվում Հայաստանից՝ շների կատաղության տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է Forbes-ը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), այդ սահմանափակումներն անհրաժեշտ են «ԱՄՆ մուտք գործող շների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու և երկրի բնակչության առողջությունը շների կատաղության կրկնվող մուտքից պաշտպանելու համար»:
113 երկրների ցանկում ներառվել են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, մայրցամաքային Չինաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Կարիբյան ծովի և Ասիայի տարածաշրջանի երկրները։
Սանիտարական կարգավորիչը պարզաբանել է, որ սահմանափակ երկրներին բաժին է ընկնում ԱՄՆ ներմուծվող բոլոր շների շուրջ 6%-ը: Թե որքան է գործելու այս արգելքը, չի նշվում: