Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000
Ազգային ժողովն, ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին արտահերթ նստաշրջան կգումարի: Օրակարգում է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հեղինակներն են Վիկտոր Ենգիբարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, երկուն էլ «Իմ քայլը» խմբակցությունից:
Նախագծով առաջարկվում է՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «50000» թիվը փոխարինել «250000» թվով:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից»:
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ սահմանելով 250000 դրամ:
«Նշված փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի եւ նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ):
Ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը»,- նշված է նախագծում: