Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տեղի կունենա երդման արարողություն
Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, ավանդույթի համաձայն, տեղի կունենա երդման արարողություն: Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ-ը, արարողությանը կմասնակցեն ճապոնացի մեկական մարզիկ-մարզուհի, երկուական մարզիչ և մրցավար:
Օլիմպիական դրոշը բարձրացնելուց հետո նրանք կսկսեն երդումը.
«Խոստանում ենք օլիմպիական խաղերին մասնակցել ՝ հարգելով և պահպանելով արդար խաղի և հավասարության կանոնները:
Մենք միասնական ենք, համերաշխ և պարտավորվում ենք մրցել առանց դոպինգի, խաբեության և խտրականության:Կպահպանենք օլիմպիզմի սկզբունքները՝ սպորտի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- ՀԱՕԿ-ը մեջբերում է երդման խոսքերը։
Օլիմպիական երդումն առաջին անգամ տրվել է 101 տարի առաջ՝ Անտվերպենում, 1920 թվականին: Թիմակիցների անունից ելույթ է ունեցել բելգիացի սուսերամարտիկ Վիկտոր Բոյնը: Առաջարկն արել է այն ժամանակվա ՄՕԿ-ի նախագահ Բարոն Պիեռ դե Կուբերտենը:
Բնագրի բառերը անփոփոխ են եղել շուրջ 80 տարի, մինչև որ Սիդնեյի խաղերում ներկայացվել է հակադոպինգային դրույթը:
Մրցավարների երդումն առաջին անգամ տվել է ճապոնացի լեռնադահուկորդ Ֆումիո Ասակին՝ 1972թ. Սապպորոյի ձմեռային օլիմպիական խաղերում:
Մարզիչների երդումը ներկայացվել է Լոնդոնի 2012թ. խաղերում, թեև այն արդեն հնչել էր Սինգապուրում 2010թ. կայացած ամառային պատանեկան օլիմպիականում:
Սկսած Պհենչհանի խաղերից բոլոր երեք երդումները տրվել են միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին