Սա ձնծաղիկն էր․ Թաթուլ Պետրոսյանը՝ Երասխում փոխհրաձգության ու հայկական կողմից զոհի մասին
«Մինչ այսօրվա դեպքին անդրադառնալը, պետք է հիշենք, թե 2019թ-ին ինչ կատարվեց Նախիջևան-Հայաստան սահմաններին․ ադրբեջանական սահմանապահ զորքերը ինժեներական աշխատանքներ կատարելու պատրվակով մի քանի կիլոմետր խորացան դեպի անվտանգության գոտի ու մոտեցան մեր սահմանին»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ խոսելով այսօր Երասխի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգությանը հայ-ադրբեջական սահմանին, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող:
Թաթուլ Պետրոսյանի խոսքերով, այդ ժամանակ մեր իշխանությունները ոչ թե ապաշնորհ գտնվեցին կանխելու այն, այլ, կարծես թե, նրանց հետ համաձայնեցված էր այդ գործողությունները։
«Այսօրվա դեպքը նույն գործողության շարունակությունն է․ ադրբեջանական կողմը ներկայացրել է, որ իրենք պարզապես փորձել են ինժեներական աշխատանքներ կատարելու պատրվակով մոտենալ, կրկին ավելի խորանալ դեպի Հայաստանի սահմանի ուղղությամբ։ Ցավոք, մենք ունեցանք զոհ ու ծանր վիրավոր, բայց, կարծես թե, այս անգամ փորձ է արվել կանխել ադրբեջանցիների առաջխաղացումը։ Հարաբերական խաղաղության պայմաններում պետք է կանխատեսենք, որ Հայաստանի սահմաններին, որ այդքան երկարել է, բավական շատ դեպքեր ենք ունենալու։ Սա, կարելի է ասել, ձնծաղիկն էր»,- ասաց Պետրոսյանը, հիշեցնելով, որ այժմ Սիսիանի, Գեղարքունիքի, Սյունիքի հատվածում ադրբեջանական զորքերը 24 կմ և ավելի երկարությամբ խորացել են մեր սահմանը՝ 500մ-ից մինչև 3,5կմ։
Պետրոսյանի խոսքերով, այս դեպքում ևս հրաձգությունը սկսվել է ադրբեջանցիների կողմից, ըստ ստացված տեղեկությունների, հայկական կողմը, փորձել է իրավիճակը չսրելու համար դադարեցնել կրակը։
«Նման ոչ արժանապատիվ վարքագծի պայմաններում մենք գրեթե ամեն օր ունենալու ենք նման դեպքեր և մենք զինվորներ ենք զոհելու` այս ապաշնորհ իշխանությունների թողտվության արդյունքում»,- ասաց Պետրոսյանը, հավելելով, որ սա իր հետևանքներն է ունենալու Տավուշի, Գեղարքունիքի մարզում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան