Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ համաձայնագրով․ Լեոնիդ Կալաշնիկով
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հարցազրույց է տվել «Свободная пресса»-ին ու, ի թիվս այլ հարցերի խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահության մասին։
«Ես միշտ կոչ եմ արել հետխորհրդային հանրապետությունների հետ հարցերում եռակողմ լուծում ունենալ․ Հայաստանում դրա համար ինձ քննադատում էին: Ինչպե՞ս, ինչու՞ դուք մեզ հետ չեք: Ես միշտ պատասխանում էի՝ Մինսկի խմբում դուք ձեր հարցերը չեք լուծի: Ոչ ամերիկացիներն են դրանում հետաքրքրված, ոչ էլ ֆրանսիացիները։ Նրանց պետք է վնասել Ռուսաստանին, ինչու՞ պետք է նրանք հանգստացնեն Հարավային Կովկասը:
Այս մասին ես խոսել եմ ոչ միայն մամուլում: Ես դա անձամբ ասել եմ Իլհամ Ալիևին և անձամբ Սերժ Սարգսյանին, երբ նա նախագահ էր:
Նրանք համաձայն էին ինձ հետ: Ես ասացի. ինչու՞ եռակողմ ձևաչափ: Սա կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար, և երկու երկրներն էլ հարգում են նախագահ Պուտինին: Ինչու՞ չօգտվել դրանից»,-ասում է Կալաշնիկովը:
Խոսելով հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան այցի և խորհրդարանում ելույթի մասին, որում նա խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական կապերի մասին, գումարած` նա դիմեց Հայաստանին՝ առաջարկելով մտածել այն մասին, թե ինչ «ահռելի տնտեսական հեռանկարներ են բացվում Երևանի համար, եթե նա լսի Բաքվի պահանջները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ, հակառակ դեպքում Երևանը ստիպված կլինի բախվել Բաքվի և Անկարայի ուժային պատասխանին, Կալաշնիկովն ասում է․
«Էրդողանը ճիշտ ասաց՝ դիմելով Հայաստանին. հայերի համար շահավետ է հիմա բացել սահմանները: Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ համաձայնագրով, բայց հայերը պետք է թուրքերին ասեն՝ դուք էլ բացեք սահմանները, մենք կսկսենք առևտուր անել: Եվ թող Ադրբեջանը բացի իր սահմանները. Այդ ժամանակ հայերը երկաթուղով կգնան Ռուսաստան:
Ահա, ինչն է հայերի համար հիմա կարևոր: Ի վերջո, Հայաստանը տասնամյակներ շարունակ շրջապատված էր, հայերը երկրից դուրս էին հանում երեխաներին, հատկապես տղաներին, որպեսզի նրանք պատերազմում չհայտնվեն: Բայց հիմա ղարաբաղյան հանգույցը լուծվել է. ցավոք, պատերազմի օգնությամբ: Դե, բացեք երկիրը, շնչեք, այնպես արեք, որ ձեզ լավ լինի»,-ասում է Կալաշնիկովը:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի Ադրբեջանի նախագահի, ՀՀ Վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հայտարարության մեջ չկա Զանգեզուրի միջանցքի մասին կետ։ 9 կետ ունեցող հայտարարության մեջ որպես միջանցք նշված է միայն Լաչինի միջանցքի մասին։
9-րդ կետում ասվում է, որ «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»:
ՀՀ փոխարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, որը ներկայացնում է Հայաստանը հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովում (ՀՀ, ՌԴ, Ադրբեջան), բազմիցս հայտարարել է, որ «միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, և հնարավոր էլ չի քննարկել նման հարց: Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»:
Հարակից հրապարակումներ`
- Կալաշնիկով․ Ես չեմ ուզում մտնել հայերի հոգու մեջ. թող իրենք թուրքերի հետ հարցերը լուծեն
- Միջանցք կլինի, թե ՞ ոչ․ մեկնաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
- Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական ամբողջական տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան