Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ. ՀՀ վաստակավոր արտիստ
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման՝ ԿԳՄՍ նախարարության ցանկությունը որակում է «հերթական անհեթեթ որոշման փորձը»:
«Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ: Ոչ մի թատրոն՝ կայացած թատրոն, մեկ ուրիշ թատրոնի հետ նույն հարկի տակ ապրել, ստեղծագործել, պահպանել իր դիմագիծը, իր տեսակը, չի կարող, մանավանդ երբ մեծ թատրոնի մեջ ուզում ես տեղավորել փոքր թատրոնը իր ամբողջ ստեղծագործական կազմով, այն պարզապես ժամանակի ընթացքում կտարալուծվի, կավարտվի, կվերջանա:
Հիշեք «ՓՈՍԻ» էքսպերիմենտալ թատրոնը: Ո՞ւր է այն՝ դերասանների, ռեժիսորների կողմից ստեղծված, քարը քարին դրված, իր տեսակի մեջ յուրահատուկ թատրոն: Միացրեցին մեկ այլ թատրոնի և ո՞ւր է հիմա այն: Չկա … Ավարտված է: Եվ այդ ամենը շենքի համար, տարածքի համար: Կործանեցին մի հարաշալի մշակույթի օջախ՝ ռեստորան սարքելու համար:
Հիմա այս դեպքում ասում են, որ շենքը տրամադրվելու է Սիմֆոնիկ նվագախմբին: «Ուզում եմ հավատալ», բայց արդյո՞ք արժե մեկ մշակութային օջախի, ինքնատիպ թատրոնի կործանման, ոչնչացման հաշվին ապահովել մեկ այլ մշակութային միավորի բարեկեցությունը: Իհարկե, ոչ:
Կարծում եմ՝ հենց Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և ղեկավարը ոգևորված չեն կարող լինել այս անհեթեթ որոշմամբ: Փոքր-ինչ թատրոնից հասկացող մարդը մտքի ծայրով իսկ չի անցկացնի այսպիսի բան, եթե ետին միտք չունի:
Ընդհանրապես կյանքից գիտենք՝ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի․․․ Սա հենց այնպես:
Իսկ իմ Կամերայինի գործընկերներին ցանկանում եմ ուժ և կորով: Պայքարեք և պահպանեք ձեր տունը, ձեր օջախը: Այն ձեր ստեղծածն է: Ձեր փոխարեն դա ոչ ոք չի անի:
Ձեր կողքին եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Ներսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան