Գեղեցիկ չէ, մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես սրճարանում. Աղազարյանը՝ պատգամավորական ծախսերն ավելացնելու մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատում նախագիծը, որով իմքայլական պատգամավորներն առաջարկում են ավելացնել պատգամավորական ծախսը՝ 50 հազար դրամից դարձնելով 250 հազար:
«Պառլամենտական համակարգում պատգամավորի կարգավիճակը պետք է լինի բավականին բարձր: Անուններ չտալով ասեմ, որ եղել են պատգամավորներ, որոնք շատ արժեքավոր քաղաքական գործիչներ են իրենց մասնագիտական, մարդկային որակներով, որոնք նյութական խնդիրներից ելնելով հրաժարվել են շարունակել պատգամավորական գործունեությունը: Այդ վտանգը կարող է լինել շարունակական»,- ասաց նա:
Անդրադառնալով նախագծի հիմնավորմանը՝ գումարն ավելացվում է, որպեսզի պատգամավորը հնարավորություն ունենա գնալ ու հանդիպել ընտրողների հետ, այդ թվում մարզերում, Հ. Աղազարյանն ասաց. «Պարտադիր չէ մարզ գնալ, ամեն տեղ էլ ընտրողների հետ այդ շփումները լինում են:
Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում: Հետո հաջորդ անգամ, որ նորից իրենք հաշիվ փակեն, գեղեցիկ չէ, մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես: Այնպես որ, քաղաքում էլ ծախսեր կան:
Օրինակն եմ ասում. մի անգամ դուք եք ինձ հրավիրում սրճարան, սուրճ ենք խմում, 2500 դրամ դուք եք փակում, մյուս անգամ էլ, եթե առիթ է լինում հանդիպման, էլի ինչ որ հարցի շուրջ…»,-ասաց Հ. Աղազարյանը:
Հարցին՝ բյուջեի հաշվի՞ն, իմ քայլական պատգամավորն ասաց. «Աշխարհի շատ խորհրդարաններում այդ ծախսը շատ ավելի մեծ է, քան աշխատավարձը»:
Պատգամավորը նշեց, «Իմ քայլը» խմբակցությունում այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկումներ են եղել, ծանր որոշում է կայացվել, բայց ճնշող մեծամասնությունն այն կարծիքին է եղել, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը պետք է ավելացվի:
Լրագրողների հետ ճեպազրույցն ամբողջությամբ՝ news.am-ի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր առաջնահերթ խնդիրներ ունենք, իսկ պատգամավորին լրավճար տալն անբարոյականություն է. Նաիրա Զոհրաբյան
- Հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին. Հովսեփյան
- Այ անբարոյականությու՜ն․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին
- Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000