Փաշինյան․ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի հայտարարություններն ուղղված են թույլ չտալու տարածաշրջանային կոմունիկացիաների բացում
Այսօր Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ պատասխանեց նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսել էին․ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է՝ խաղաղությանը տարածաշրջանում խոչընդոտելու համար, մի մարտավարությամբ՝ ցույց տալով, թե Հայաստանը, կամ Արցախը, իբր, դեմ են խաղաղությանը, սահմանազատմանը ու այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է դրսևորելու։
ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը, Փաշինյանի խոսքերով, բավական կառուցողական աշխատանք է իրականացնում՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ։
«Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, և որ առավել կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ»,-ասաց Փաշինյանը, մեկնաբանելով, որ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար, քանի որ Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը։
Փաշինյանը նշեց, որ շարունակելու են աշխատանքը եռակողմ խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ՌԴ, միջազգային գործընկերների օգնությամբ հասնելու են կոմունիկացիաների բացմանը՝ «այսինքն Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին