«Հրապարակ». Ծառուկյանը որոշել է՝ հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի. Մի մասը կաշխատի հենց «Կենտրոն» TV-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի քանի ԲՀԿ-ականներ փոխնախարարների պաշտոններ կստանան, անգամ անուններ են նշվում՝ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի և Արման Աբովյանի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չի գնալու այդ քայլին, և նման պայմանավորվածություն նրանց միջև չկա։
Վերջին հանդիպումն էլ՝ Փաշինյանի ու Ծառուկյանի միջև, կայացել է մի քանի փորձից հետո. ԲՀԿ առաջնորդին համոզել են, որ հետընտրական փուլն այլ է, և ժողովուրդն էլ իր քվեն տվել է Փաշինյանին, ուստի ընդդիմությունը եթե շարունակի պահանջել նրա հրաժարականը, դեմ է գնում ժողովրդի կամքին։ ԲՀԿ առաջնորդը որոշել է, որ իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի, և նրանց ասել է, որ բոլորն աշխատանք կունենան, մի մասը կաշխատի հենց «Կենտրոն» TV-ում, հեղինակային հաղորդումներ կվարեն կամ այլ ֆորմատի հետաքրքիր ծրագրեր կհամակարգեն։
Հեռուստաընկերության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի օր է՝ պատգամավորներն առավոտից մինչև ուշ գիշեր TV-ում են, հնարավոր է մինչ օրս եթեր հեռարձակվող որոշ ծրագրեր փակվեն, բացվեն նորերը։ Առհասարակ, «Կենտրոն» TV-ն աշխուժացնելու, ակտիվացնելու խնդիր ունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: