Մեր ժողովրդին հատկապես այս պահին անհրաժեշտ է ամոքող, սփոփող, բուժիչ երաժշտություն. Հասմիկ Պապյան
Երկարամյա դադարից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի hայաստանյան պրեմիերան։
Այս յուրօրինակ բեմադրության գլխավոր գործող անձինք են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, իսկ օպերային ներկայացման նվագախումբը վաստակավոր կոլեկտիվ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է։
ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը եկել է օպերայի ստուդիա, որոշել է ոտքի հանել, աշխատել ուսանողների հետ:
«Կարճ ժամանակում կատարվել է հսկայական աշխատանք: «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, որը բացառիկ ստեղծագործություն է, ընտրել է հենց Հասմիկ Պապյանը և առաջարկել է մեզ նվագել:
Իհարկե, մենք սիրով համաձայնվեցինք, քանի որ Հասմիկ Պապյանը մեզ առաջարկեց, մեզ համար մեծ պատասխանատվություն է»,- նշեց նա:
Ասուլիսին ներկա Հասմիկ Պապյանն ասաց, որ 31 տարի անց վերադարձել է Հայաստսն, սիրով ընդունել է Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար դառնալու առաջարկը, քանի որ վստահ է՝ ապագան երիտասարդներն են, ուստի կարևոր է նրանց ճիշտ ուղղորդել, ճիշտ ծրագրեր կազմել:
«Ինչո՞ւ ընտրեցի Գլյուկ իմ ղեկավարության օրոք առաջին ներկայացման համար: Կարծում եմ, որ մեր երկրին, մեր ժողովրդին հատկապես այս պահին անհրաժեշտ է ամոքող, սփոփող, բուժիչ երաժշտություն: Գտնում եմ, որ հիմա պետք է դուրս գանք տխրության այս վիճակից, կարողանանք բուժվել: Սա այն եզակի օպերաներից է, որտեղ ավարտը երջանիկ է, սերը հաղթում է»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Ներկայացման նկարիչն է Տիգրան Ձիթողցյանը, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանը: Ներկայացումները տեղի կունենան հուլիսի 16-ին, 17-ին՝ դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան և 19-ին, 20-ին, դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան, ժամը՝ 20:00-ին, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում։