Այսօր առաջնահերթ խնդիրներ ունենք, իսկ պատգամավորին լրավճար տալն անբարոյականություն է. Նաիրա Զոհրաբյան
«Պատգամավորները, նրանք, որոնց վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա այն փուլը չէ, ավելի կենսական խնդիրներ ունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» իմքայալական պատգամավորների նախագծին, որով նախատեսվում է ավելացնել պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնելով 250000:
Նա նշեց, որ պատգամավորները ստանում են աշխատավարձ, հատուկ լրավճարներ սեփական պարտականությունը կատարելու համար հատկապես հիմա, երբ պատերազմից հետո կան վիրավոր տղաներ, ճիշտ չէ, այդ գումարները պետք է ուղղել հենց այդ տղաներին եվրոպական առաջատար կլինիկաներ տեղափոխելուն:
«Այսօր մեր բզկտված տնտեսությամբ, բզկտված Հայաստանով և Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը և պատգամավորական ծախսը բարձրացնելը ես համարում եմ անբարոյականություն»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ինչ-որ մի պահի, երբ տնտեսությունը կլինի կայուն, երբ բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն, պետք է անդրադառնալ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն։
«Բայց այսօր դա պետք է լինի մեր հարյուրերորդ խնդիրը, ոչ թե առաջնային, որի համար արտահերթ նիստ է հրավիրվել և փորձում են մեր ձեռքով լուծել հաջորդ խորհրդարանի պատգամավորի լրավճարի հարցը», - ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց՝ հասկանում է, թե ինչի է այս ամենն արվում. «Պարգևավճար բառը հետպատերազմյան Հայաստանում հրավառության նման բան է հնչում, որպեսզի պարգևավճար բառից խուսափեն, ուզում են բերեն ու օրենքով ամրակայեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին. Հովսեփյան
- Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000