«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նկատմամբ պետության նման քայլը կարելի է որակել հակապետական. Աննա Գրիգորյան
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ԱԱԾ աշխատակիցներն ի սկզբանե պետք է գնային Սև լիճ, որովհետև մեր թշնամիներն այնտեղ են, բայց ճանապարհը խառնել և պատահմամբ հայտնվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ մարդկանց պարզապես տեռորի են ենթարկում, ինչ-որ ցուցմունքներ են կորզում:
«Մարդիկ այս պահին ահ ու սարսափով են այնտեղ գտնվում։ Պետության կողմից նրանց քայլը կարելի է որակել որպես հակապետական, որովհետև նման քայլից հետո ո՞ր տնտեսվարողը կամ արտաքին ներդրողը կցանկանա ներդրումներ կատարել Հայաստանում։ Սա պետք է դիտարկել նաև քաղաքական երանգների ներքո»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նրա խոսքով, իրավապահները մտել են կոմբինատ, բերման ենթարկել մարդկանց, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել սատարելու՝ օրինակ «Հայաստան» կամ մեկ այլ ընդդիմադիր դաշինքի։
«Այսինքն, բացի նրանից, որ այդ մարդիկ կոմբինատի աշխատողներ են, նախ և առաջ Հայաստանի քաղաքացիներ են, հետևաբար, մարդիկ իրավունք ունեն իրենց քաղաքացիական դիրորոշումն արտահայտել ու ընտրություններին էլ համապատասխան քվե տալ:
Մարդիկ մտնում են առավոտյան աշխատատեղ, տեսնում են, որ զինված կանգնած են դիմակավոր մարդիկ ու չեն հասկանում, թե այս ամբողջ գործընթացն ինչի մասին է:
Սա պետության համար ճիշտ քայլ չէ: Ամուլսարի պատմությունից հետո, երբ թիվ մեկ հարկատիրոջն էլ նման ռեպրեսիաների են ենթարկում, չգիտեմ այս ծանր տնտեսական պայմաններում հայտնված հետպատերազմական Հայաստանում ո՞ր մի ներդրողը կցանականա ներդրում կատարել»,- ասաց պատգմավորը:
Հարցին՝ այսօր Աժ-ում նախագիծ ներկայացվեց, ըստ որի, առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պնղձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի նկատմամբ, արդյո՞ք ուղիղ կապ տեսնում է, ինչպե՞ս է գնահատում, Ա. Գրիգորյանը պատասխանեց.
«Իհարկե, ուղիղ կապ տեսնում եմ, բայց տեսեք ինչումն է հարցը: Օրակարգում մի քանի հարցեր կան, որոնցից մեկը հանքարդյունաբերության ոլորտին էր վերաբերում: Ստացվում է՝ ասում են եկեք հանքարդյունաբերողներից փողը վերցնենք և տանք ժողովրդին: Բայց ժողովրդին տալու փոխարեն, հաջորդ նախագիծն են բերում, որով պատգամավորի լրացուցիչ աշխատավարձը 50 հազարից դառնում է 250 հազար։
Այսինքն, այդ գումարը, որ վերցնում եք, ի վերջո, ժողովրդի՞ն է անհրաժեշտ, թե՞ պատգամավորներին։ Ասում են՝ 50 հազարով հնարավոր չէ անել այս կամ այն ծախսը, իսկ թոշակառուն կարո՞ղ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանում են իրենց ամենօրյա կյանքն ապահովել այն աշխատավարձով, որ դուք եք այսօր տալիս: Իհարկե, չեն կարողանում:
Այսինքն, այսօր, երբ ունենք չկահավորված սահմաններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, այս ֆոնին ի՞նչ է նշանակում 200 հազար դրամով ավելացնել պատգամավորների ամենօրյա ծախսերը»:
Աննա Գրիգորյանի խոսքով, այսօր տեսան, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր իրենց սեփական աշխատավարձը բարձրացնելու համար, ուրիշ ոչ մի բանի:
«Եթե իրապես պողպատե մանդատի ու մուրճի կիրառման անհրաժեշտություն լիներ, հավանաբար լսել եք, թե Ալիևն ինչպիսի հայտարարություններով է հանդես գալիս՝ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, և այս ֆոնի վրա պողպատյա մանդատակիրները կարո՞ղ էին որևէ արձագանք տալ Ալիևի նման անթաքույց նկրտումներին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Այն դեպքում, երբ օկուպացված է Արցախի մի մասը, թշնամի երկրի ղեկավարը խոսում է նաև Հայաստանի օկուպացիայի մասին, սրան ի պատասխան պողպատե մանդատն աշխատում է բացառապես Հայաստանի և այս դեպքում նաև Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին. Հովսեփյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատասենյակներից մեկը՝ խուզարկությունից հետո
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Բերման է ենթարկվել ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը
- Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները
- Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան