Կբարձրանա այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում ու հաստատած կլինեն իրենց որակավորումը
Այսօր կառավարությունն ընդունեց «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին»։
Հարցի քննարկմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2022-ի սեպտեմբերի 1-ից հնարավորություն են ստեղծում, որպեսզի ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա որոշակի հատվածներում։
«Աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո։ Այսինքն, մենք բարձրացնելու ենք այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում ու հաստատած կլինեն իրենց որակավորումը։ Ինչքան էլ այս փուլում խոսում ենք տարբերությունները հավասարեցնելու մասին, միևնույնն է, եթե մենք ավել ֆինանսական միջոց ենք ծախսում, որակի բաղադրիչը պետք է ներկա լինի, հետևաբար կարող է բարձրանալ միայն որակավորումը հաստատած ուսուցիչ դաստիարակների աշխատավարձերը»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ վերահաստատում է, որ յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար պետք է սահմանվի տուրք։
«Կրթական համակարգում մենք պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այն չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման և հաստատման։ Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում և տիրապետում են պետության կողմից ընդունած չափորոշիչներին, դրանց իրականացման հմտություններ ունեն, որից հետո մենք պետք է նրանց վարձատրության չափերը մեծացնենք»,-ասաց Փաշինյանը։
Հարցը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ասելով, որ թեև Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովմանը քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար սահմանված չէ ֆինանսավորման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտ: Վերջինիս բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը, նախադպրոցական մանկավարժական կադրերի վարձատրության խնդիրները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը.
հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խբերի սաների համար.
• 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
• 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,
• 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,
• 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։