ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23-Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը(«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:
Նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:
Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը»:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին գործով որոշում կայացնելու
- Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչներ
- Խուդոյան. Ռուբեն Վարդազարյանի իրավունքի խախտումները պետք է վերականգնվեն դատարանի որոշումը հրապարակելուն պես
- Դատարանն արձանագրել է Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումներ
- Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները