Բագրատ Եսայան․ Այն, որ մենք այսօր ունենք այս իշխանությունը, միայն հետևանքն է, հիվանդույթան արմատը հասարակության մեջ ոչ բավարար հասունությունն է
Իրավիճակը նորովի գնահատելու առաջ ենք կանգնած։ Գնահատելու համար այսօրվա իրավիճակը ու հիմնական հարցը՝ հաղթահարել ենք արդյոք ճգնաժամը, թե ոչ, պետք է փորձենք հասկանալ, թե մինչև ընտրութուններն ինչ իրավիճակ էր Հայաստանում և ստեղծված ճգնաժամն ինչով էր բնութագրվում։ Ընդդիմությունը մինչև ընտրությունները՝ նոյեմբերի կապիտուլյացիայից հետո, հստակ տվեց իր գնահատականը, որ երկրում իշխանություն պետք է փոխվի, քանի որ այդ իշխանությունը պարտություն բերելուց բացի բերել էր նաև համապարփակ ճնգնաժամի․ չէր գործում պետական համակարգը, երկրորդ, խորանում էր տնտեսական ճգնաժամը՝ ավելի քան 7,5 տոկոս անկում, լրացուցիչ պարտքի ձևավորում։ Այս մասին «Հետընտրական Հայաստան» խորագիրը կրող քննարկմանն այս մասին ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
«2018թ․-ին, երբ այսօրվա իշխանությունը բնութագրում էր նախորդ իշխանությանը որպես անարդյունավետ կառավարողներ, տնտեսությունը ճգնաժամի հասցնողներ, արտաքին պարտքը մեծացնողներ, այն ժամանակ տնտեսության պարտքը 5.5 մլրդից իրենք հասցրեցին ավելի քան 8 մլրդի»,-ասաց Եսայանը։
Սրանից բացի, ըստ Եսայանի, 2020թ․-ը, պատերազմից բացի, նաև ճգնաժամային էր ժողովրդավարության, հասարակության մեջ մթնոլորտի բարելավման, պետական կառավարման ոլորտում հասարակության ներգրավման առումով․ մամուլի ազատության բնագավառում իշխանությունը գնաց օրենքի խստացման ճանապարհով, որն իրականում բերում էր ազատ մամուլի գործունեության զգալի սահմանափակմանը, որին հակառակ իշխանության հովանավորությունը վայելող մի շարք կեղծ տեղեկատվություն տարածող ու «ֆեյքերի ֆաբրիկան» աշխատացնող հստակ անհատներ ու պետական հաստատություն ընդլայնում է իր գործունեությունը՝ դաշտը լցնելով կեղծ տեղեկատվությամբ։
«Մենք պետք է հասնենք հստակ գիտակցմանը, թե մեր հիվանդության արմատը որտեղ է։ Այն, որ մենք այսօր ունենք այս իշխանությունը, միայն հետևանքն է, հիվանդույթան արմատը հասարակության մեջ գոյություն ունեցող ոչ բավարար քաղաքական, քաղաքագիտական հասունությունն է, որը հանգեցրել է այս իրավիճակին»,-ասաց Եսայանը։
Եսայանի խոսքերով, հասարակական ճգնաժամը, որը դրսևորվեց նաև այս ընտրություններով կարելի է բնութագրել երկու հասկացությամբ․ առաջինը՝ սկեպտիցիզմ, կասկած ամեն ինչի նկատմամբ, հավատի կորուստ ամեն ինչի նկատմամբ, ինչը հանգեցրեց նիհիլիզմի՝ ամեն ինչի ժխտման։
«Այսօր հասարակությունը քաղաքական առումով ժխտում է ամեն ինչ․ հասարակության զարգացման օրինաչափություններից սկսած՝ մինչև քաղաքական ուժերի պատասխանատվության գիտակցումը երկրի կառավարման համար։ Այս քաղաքական նիհիլիզմը հանգեցրել է շատ վտանգավոր մի իրավիճակի, երբ խնդիրը դրվում է ոչ թե քաղաքական ուժերի նկատմամբ որևէ վստահության, լիազորություն փոխանցելու անպատրաստությամբ, այլև պետականության ժխտման»,-ասաց Եսայանը, հավելելով, որ մեզ մոտ ոչ թե իշխանության ճգնաժամ է, այլ համապարփակ, բոլոր ուղղություններով ճգնաժամ է, որը հղի է պետականության կորստով, քանի որ այսօր հասարակությունը պատրաստ չէ գիտակցել, որ ինքը պատասխանատվություն է կրում պետականության ամրապնդման համար, ավելին հասարակությունը ժխտում է իր պատրաստակամությունը պետականություն ունենալու։
«Այս իրավիճակում, խոսել, որ իրավիճակը հանգուցալուծվել է, ուղղակի անմտություն կլինի։ Մենք այսօր ունենք ճգնաժամի հիմքը․ չունենք քաղաքացիներ, որոնք իրենց պատասխանատու են զգում մեր պետականության գոյությունն ամրապնդելու համար, որոնք պատրաստ են պատասխանատվության կանչել իրենց ընտրած իշխանությանը»,-ասաց Եսայանը, հավելելով, որ մենք հասել ենք ճգնաժամի հատակին։
Մանրամասները՝ տեսանյութում