Այն կրավորական դիրքը, որը զբաղեցերել է այս դավաճանական խունտան Արցախի հարցում, անընդունելի է. Մամիջանյան
«Հայաստանը չի հաշտվել ընտրության արդյունքների հետ, այդ արդյունքները մեր քաղաքացու համար ընդունելի չեն»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Նրա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով ինչ ինչ պատճառով ձայն է տվել կապիտուլյանտի ղեկավարած քաղաքական միավորին, մաս է կազմում նոյեմբերի 9-ի խայտառակ ստորագրության:
«Նմանօրինակ ղեկավարությունը, որը չունի ազգային դիմագիծ, չի կարողանում ձևակերպել ու որպես հետևանք առաջ մղել ազգային շահը, հարմար է երկրագնդի բոլոր պետությունների համար, բացի այն պետությունից, որն ինքը փաստացի ղեկավորում է: Բացի մեզանից, տրամաբանական է, որ խամաճիկն ընդունելի է ցանկացած մարդու համար:
Վայրկյան անգամ կասկածի տակ չդնելով մեր ռազմավարական գործընկերոջ մոտեցումները՝ փաստենք, որ մինչև մենք ինքներս չբարձրաձայնենք, որ պատրաստ չենք ունենալ ապազգային իշխանություն, երկրագնդի վրա ոչ մի երկիր դրա մասին չի բարձրաձայնի»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով, այս պահին Հայաստանը փաստացի Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել է ընդամենն օգնության ֆոնդի. «Հայաստանի միակ ֆունկցիան է այս կամ այն պետական, ոչ պետական, մեր հայրենակիցներից կամ ոչ հայրենակիցներից եկող աջակցությունը կանոնակարգել ու փոխանցել Արցախին, ուրիշ որևէ ֆունկցիա՝ դիվանագիական, ռազմական, քաղաքական հարթակում Հայաստանը չունի»:
Հ. Մամիջանյանն ընդգծեց՝ այն կրավորական դիրքը, որը զբաղեցերել է այս դավաճանական խունտան Արցախի հարցում, անընդունելի է:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Եսայան․ Այն, որ մենք այսօր ունենք այս իշխանությունը, միայն հետևանքն է, հիվանդույթան արմատը հասարակության մեջ ոչ բավարար հասունությունն է
- Մենք պարտավոր ենք ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր. Վարդանյան
- Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի. Էլինար Վարդանյան