Եվրոպայում ջրհեղեղներ են. առնվազն 92 զոհ և հարյուրավոր անհետ կորածներ կան
Առնվազն 92 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են սաստիկ ջրհեղեղի պատճառով Արևմտյան Գերմանիայում և Բելգիայում, որտեղ գետերի հուներն ու փողոցները վերածվել են մոլեգնող հեղեղների, քշում տանում են մեքենաները և տների փլուզման պատճառ դառնում: Այս մասին գրում է aljazeera-ն։
Գերմանիայի Ռեյնլանդ-Պալատինատի իշխանությունները այսօր հայտնեցին, որ 50 մարդ զոհվել է արևմտյան նահանգում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի արդյունքում՝ երկրում զոհերի թիվը հասցնելով առնվազն 81-ի, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, իր շոկը հայտնեց ջրհեղեղի կապակցությամբ՝ ասելով. «Ես ցավում եմ նրանց համար, ովքեր այս աղետից զոհվել են»:
Նա ասաց, որ մահացածների թիվը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կաճի․«Մենք դեռ չգիտենք թիվը, բայց այն շատ կլինի»:
Մերկելը խոստացավ, որ ամեն ինչ արվելու է՝ դեռ անհայտ կորածներին գտնելու համար։
Գերմանիայի ամենաշատ տուժած գյուղերից էր Շուլդը, որտեղ մի քանի տուն է փլվել։ Որոշ գյուղեր վերածվել են փլատակների, քանի որ հին աղյուսով և փայտե տները չեն դիմացել հանկարծակի ջրի հոսքին։
Տասնյակ մարդիկ ստիպված էին փրկվել իրենց տների տանիքներից` փչովի նավակներով ու ուղղաթիռներով: Հարյուրավոր զինվորներ են տեղակայվել՝ փրկարարական աշխատանքներին օգնելու համար: