Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող. Ռուբեն Մելքոնյան
«Այս իշխանությունների պարագայում խոսել Հայաստանի արժանապատվության, ինքնիշխանության, կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակի վերականգնման մասին, ուղղակի անտեղի է»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ անցնող երեք տարիներին այս իշխանություններին հաջողվել է մսխել այն ամբողջ կապիտալը, որը մեր պետականությունը ձևավորվել էր նախորդ տասնամյակներում բոլոր իշխանությունների ժամանակ:
«Մենք ձախողված պետությունից հաստատուն քայլերով գնում ենք դեպի «չկառավարվող տարածք» ձևակերպմանը, քանի որ այն, ինչ հիմա կատարավում է մեր երկրում, ըստ էության, համապատասխանում է այդ բնութագրմանը»,- ասաց Մելքոնյանը:
Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նա նշեց, որ թուրքական նկրտումն աշխարհի տարբեր երկրներում ռազմական ներկայություն ունենալ, այսօր բավական առաջադիմել է:
«Թուրքիան դե ֆակտո և դե յուրե ռազմական առումով ներկայացված է մի շարք երկրներում ու տարածաշրջաններում՝ Հյուսիսային Կիպրոս, Կատար, Սոմալի, Լիբիա, Սիրիա, Իրաք, նաև Հարավային Կովկաս, օկուպացված Արցախի տարածք, մինչ այդ Նախիջևան, նաև Ադրբեջանում որոշակի ռազմական բազայի կամ այդ կարգավիճակով ներկայության կանխատեսվող ապահովում»,- ասաց Ռ.Մելքոնյանը:
Նրա խոսքով, այսօր Թուրքիան հասել է մի կարգավիճակի, որ կարող է կյանքի կոչել իր մեկդարյան ինձը. «Հիմա դա անվանում են Զանգեզուրի միջանցք, Նախիջևանի միջանցք, Մեղրիի միջանցք, բայց դա իրականում այն փոքր երակն է, ճանապարհն է, որ կապելու է «մեկ ազգ վեց պետություն», այսինքն՝ թուրքալեզու պետություններին կապող միջանցք է, որն անցնում է Սյունիքով, որն այսօր գտնվում է արտաքին ու ներքին օկուպացիայի կիզակետում»:
Ռ.Մելքոնյանը նշեց, եթե արտաքինը հասկանալի է, գիտեն ինչպես է դրսևորվում, ապա ներքինը տարակուսելի է, բայց էլի տեսնում են, թե ինչպես է դրսևորվում այս օրերին, հենց հիմա, տեղի երկրապահ համայնքապետերի հանդեպ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումներով:
«Այդ միջանցքը, որը մենք շատ անհանգստությամբ ենք ընդունում, Թուրքիայի մեկդարյան իղձն է, սկսվել է այս պրոցեսը 1919-20 թվականներին, հիմա մոտ են դրա իրականացմանը:
Հղում անեմ Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանն ու Էրդողանին, ձևակերպվում է շատ հստակ՝ Արցախի հարցից ավելի կարևոր է Նախիջևանի միջանցքը»,- ասաց թուրքագետը:
Նա խոսեց Թուրքիայի մեկ այլ իղձի մասին՝ կանխատեսելով դրա մոտալուտ հանգուցալուծումը նույնպես: Խոսքը թուրքական բարդույթին է վերաբերում, որի անունն է Կարսի պայմանագիր:
«Ամբողջ 20-րդ դարի ընթացքում Թուրքիան փորձել է մի քանի անգամ ստիպել, որ Խորհրդային միությունը վերաճանաչի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, փորձել է անել նաև անկախ Հայաստանում: Երեք նախապայմաններից մեկն է, որը ներկայացում է Թուրքիան Հայաստանին՝ Արցախի հարց, Ցեղասպանության հարց ու Կարսի պայմանագրի հարց: 30 տարվա ընթացքում Հայաստանի որևէ իշխանություն Կարսի պայմանագիրը դե յուրե չի ճանաչել, այս կամ այն կերպ շրջանցել է:
Դա բարդույթ է, փորձում են հասնել նրան, որ Հայաստանը վերաճանաչի, պաշտոնապես հրաժարվի որևէ պահանջատիրությունից, անկախ նրանից, թե հիմա ինչքանով է իրատեսական այդ պահանջատիրությունը»,- ասաց նա:
Ռ.Մելքոնյանի կարծիքով, այն հավանական պայմանագրերը, որոնք ներկայացվելու են Հայաստանին՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական, Կարսի պայմանագրի խնդիրը այս կամ այն կերպ դրա մեջ ներառվելու է:
Այնուհետև նա հարցադրում արեց, թե արդյոք այս ամենը գիտակում է Հայաստանի իշխանությունը: Կարծում է՝ ոչ. «Կամ զուրկ են սպառնալիքները գիտակցելու հմտություններից, կամ՝ իրենք սա սպառնալիք չեն համարում: Ինչպես իրենք Ալիևին համարում են կիրթ ու կառուցողական, նրա քայլերն էլ համարում են երևի թե կառուցողական: Կամ՝ երևի թե այս իշանությունները չեն էլ ուզում այս ամենն ընկալել որպես սպառնալիք, դրա ապացույցներից է թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ մեղմ գնահատականները»:
Թուքագետը համոզված է, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող. «Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը Թուրքիան ու Ադրբեջանն ուսումնասիրող ցանկացած մասնագետ կարող է հավաստել: Ալիևը հայտարարում է՝ Երևանը մեր հողն է ու պետք է վերցնեն, սա նշանակում է, որ եթե մեր մայրաքաղաքն իրենցն է, ուրեմն մենք չկանք: Սրանից ավելի պարզ Ալիևը չէր կարող հայտարարել»:
Նա նշեց, որ Մերձավոր Արևելքում կան հավիտենական թշնամիներ, Հայաստանն ու Թուրքիան ու Ադրբեջանը հավիտենական թշնամիներ են:
«Պետք է կողք կողքի ապրենք այդ թշնամիների հետ, բայց պետք է ունենանք մեր ադապտացիոն մեխանիզմները: Այն մեթոդները, որոնք առաջարկվում են այս իշխանության կողմից, օրինակ խաղաղություն, համակեցություն, այս տարածաշրջանում հարևանների հետ ընկալելի, կիրառելի չէ, չի կարելի եվրոպական պատկերացումները տեղայանացնել արևելյան պատկերացումների մեջ: Հայերն ու թուրքերն իրար հետ շփվում են մոտ 1000 տարի: Այդ ընթացքում մեր հարաբեությունները միշտ եղել են թշնամական:
Այս տարածաշարջանում հարգում են ուժն ու արժանապատվությունը: Անկախ այդ երկիրն ինչ ներուժ ունի, արժանապատվությունն արաբական երկրներում, Իրանում, անգամ Թուրքիայում, միշտ հարգել են: Մենք հիմա կորցրել ենք ամեն ինչ, կորցրել ենք նաև արժանապատվությունը:
Հայաստանը երբեք շատ ուժեղ ու մեծ պետություն այս տարածաշրջանում չի եղել, բայց երբեք այսքան անարժանապատիվ դերում չի եղել: Եվ մեզ այս դերով, այս ոճով չեն հարգելու ոչ մեր գործընկերները, նույն Իրանն ու արաբական երկրները, ոչ էլ մեր թշնամիները»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դարձել է ուրիշի ստեղծած անվտանգությունը սպառող պետություն․ Արտակ Զաքարյան
- Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան
- Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան
- Արթուր Ղազինյան․ Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան
- Այն կրավորական դիրքը, որը զբաղեցերել է այս դավաճանական խունտան Արցախի հարցում, անընդունելի է. Մամիջանյան
- Մենք պարտավոր ենք ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր. Վարդանյան
- Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան