Դիանա Ադամյանը և Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ
Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Համերգը կկայանա հուլիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նվագախումբը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։
Ծրագրում Վ.Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 20 ռե մինոր և Ֆ. Մենդելսոնի Ջութակի կոնցերտ մի մինոր երկ. 64 ստեղծագործություններն են։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ միջոցառումը տեղի է ունենում Բեռլինի Debut in Deutschlandfunk Kultur համերգին ընդառաջ: Երևանյան համերգը տեղի է ունենում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Նույն կոնցերտով Դիանա Ադամյանը ելույթ է ունենալու նաև Գերմանիայում:
Ջութակահար Դիանա Ադամյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2020թ. հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի: 2018թ. ապրիլին մասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին (Ժնև)՝ արժանանալով 1-ին մրցանակի: 2018թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին: 2015թ. դեկտեմբերին մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթին և արժանացել է 2-րդ մրցանակի: Ելույթներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում:
Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: 2008 թ. մասնակցել է Գ.Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին (1-ին մրցանակ): 2009 թ. , 2013 թ. մասնակցել է Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին (2-րդ մրցանակ, 1-ին մրցանակ չի շնորհվել): 2016 թ. մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne միջազգային մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակի: 2020 թ. մասնակցել է Viva music օնլայն միջազգային մրցույթին (1-ին մրցանակ): Արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները