Կալանավորում են համայնքապետերին, որ չլինի թշնամու դեմ պայքարող տեսակը. Առուշանյան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նախքան կալանավորվելը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնավարման տարիներին երբեք որևէ անգամ չի ասել քաղաքացիներին, թե ում օգտին քվեարկեն:
«Այս 3,5 տարվա մեջ նման բան երբեք չի եղել և չի էլ կարող լինել»,- նշեց նա:
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, նա նշեց՝ օրենքով ամրագրված է, որ համայնքն իր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է տրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները, քաղաքները, գյուղերը, օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս դեպքում Գորիս համայնքը ընդունել է 773 միլիոն դրամ, հիմա 1 միլիարդ 200 միլիոն է, այսինքն՝ դրա 5 տոկոսը կազմում է մոտ 60 միլիոն դրամ, դա մենք տրամադրում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Քաղաքացիները դիմում են իրենց խնդիրներով, մենք փորձում ենք խնդիրներին լուծում տալ։
Օրենքով նաև ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր և մարդկանց խնդիրները լսեմ և այդ գումարով փորձեմ որոշակի օգնություն տրամադրել։ Այդ նույնը եղել է 2017 թվականին, 2007 թվականին, ինձնից առաջ, դա բնականոն աշխատանք է։ Դա անում են ոչ թե լավ գնահատականի համար, ինչ-որ մեկը շնորհակալություն հայտնի, այլ դա մեր աշխատանքն է։ Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից, դա ուղղակի մեր աշխատանքն է»,- մանրամասնեց Առուշ Առուշանյանը։
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին կալանավորելու գործընթացին՝ Գորիսի քաղաքապետն ասաց. «Սյունիքում բոլոր պայքարող համայնքի ղեկավարները, որոնք բարձր քվեներով ընտրվել են, ժողովրդի կողքին են, ունեն կազմակերպչական մեծ ջիղ, դա արդեն ցույց են տվել և իրենց աշխատանքում, և պատերազմում:
Եթե չկան լիդերները, ժամանակ է պետք, որպեսզի նոր կազմակերպիչներ, լիդերներ լինեն: Չեմ ասում, որ սյունեցիները չեն կազմակերպվի, բայց այն, ինչը ռեյլսերի վրա դրված է, դա փոխելը ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակի ընթացքում նրանք կլուծեն այն խնդիրները, որոնք ունեն»։
Նա նշեց, որ համայնքապետերի կալանավորումը նաև կարող էայլ բաղադրիչ ունենալ. «Հաճախ մեր տարածքում թշնամու հետ խնդիրներ են լինում, այսինքն՝ չլինի այն տեսակը, ով պայքարում է թշնամու դեմ: Այնպես են խոսում, ասես նորմալ է, որ գնանք թշնամու հետ ապրենք։ Գուցե իրենց համար նորմալ է, թող գնան Ադրբեջանում ապրեն, հայի տեսակի համար նորմալ չէ։ Չեմ կարծում իր հողը, երկիրը սիրողը կապրի մի մարդու հետ, որը մեր եղբայրներին, քույրերին է սպանել»:
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
- Կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել. Առուշանյան
- Դիմակավորված անձինք հարձակվում են ու զենքերն ուղղում բոլորիս վրա. Առուշանյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան