«Ժողովուրդ». Իշխանությունը հակված է ընդդիմությանը զիջել Կրթության, Մարդու իրավունքների, Ֆինանսավարկային հարցերով ԱԺ հանձնաժողովները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին: Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձևով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին: Եվ, ահա, իշխանությունների համար առանձնակի կարևորություն է ներկայացնում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև Պետաիրավական, արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովներից ոչ մեկը նրանք չեն պատրաստվում զիջել ընդդիմությանը, սակայն դրանցից մեկը պետք է տան «Հայաստան» դաշինքին: Եվ դրա համար, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են, թե ինչ և ինչպես անել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունը հակված է զիջել Կրթության, Մարդու իրավունքների, ինչպես նաև Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովները, միայն թե այն չորսը ղեկավարեն հենց իրենք:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է ասել: Եթե այդ չորս հանձնաժողովները մնան իշխանական խմբակցությանը, ապա Պաշտպանության հարցերով հանձնաժողովը կնախագահի Անդրանիկ Քոչարյանը, Արտաքինը՝ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսականը՝ Բաբկեն Թունյանը, իսկ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի համար դեռ թեկնածու են փնտրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: