Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի. Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով երկօրյա կոնֆերանս:
Կոնֆերանսի այսօրվա թեման է՝ «Հետընտրական հայաստան», հուլիսի 17-ի թեման՝ «Հայաստանի իրավական մարտահրավերները»:
Օրակարգում են՝ Հայաստանի մարտահրավերները մինչև արտահերթ ընտրությունները և ընտրություններից հետո։ Հնարավոր զարգացումները, Հայաստանի ներքին և արտաքին խնդիրները տարածաշրջանային զարգացումների ենթատեքստում։
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը կոնֆերանսի սկզբում ասաց, որ մի փոքր դժվար է սահմանազատել, իհարկե, քաղաքական և իրավական մարտահրավերները, քանի որ այնքան են խաչվել իրար հետ, որ դժվար է պարզել, թե որտեղ է սկսվում ու ավարտվում քաղաքականությունը, որտեղ է սկսվում և ավարտվում իրավական խնդիրները:
«Ընտրություններից հետո երկրում ճգնաժամը ոչ միայն չի լուծվել, այլ սաստկացել է: Ներքին կյանքում մթնոլորոտը սարսափելի է, անընդհատ քրեական գործեր, սպառնալիքներ, կալանքներ:
Միջազգային հարաբերություններում գերթե ոչինչ չի կատարվում բացի Փաշինյանի Մոսկվա այցից, որի ընթացքից հիշվում է միայն Պուտինի հայատրարությունները, որ սպասվում է բարդ, ցավոտ, զգայուն լուծումները: Սահմաններին իրավիճակն անհանգստ է, Ալիևը Զանգեզուրը, Սևանն ու Երևանը համարում է ադրբեջանական տարածքներ և խոստանում է, որ իրենք անպայման գալու են: Ավելի լավ է չլիներ իշխանության վախվորած արձագանքը Ալիևի հայտարարութունների վերաբերյալ:
Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի: Կա հսկայական գնաճ, լրջագույն սոցիալական դժգոհություններ, գյուղատնտեսական ոլորտում խնդիրներ, ցուցադրաբար անազատության մեջ է գտնվում հայնտի պրոֆեսոր Չարչյանը: Փաշինյանի թրի տակով չանցած համայնքապետերի նկատմամբ իրականացում է պետական տեռոր»,- երկրում տիրող իրավիճակը հակիրճ նկարագրեց Էլինար Վարդանյանը:
Քննարկումը՝ Yerevan.today-ի ուղիղ հեռարձակմամբ: