17.07.2021. «Հենակետ». Սահմանային գյուղերի բնակիչները պարբերաբար ահազանգել են՝ ադրբեջանցի զինվորականները լուրջ սպառնալիք են
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին.
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 14-ի առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող:
ՊՆ-ից հայտնել են, որ հուլիսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մամուլում վերլուծություններ են եղել այն մասին, որ Ադրբեջանը մտադրություն ունի առաջխաղացում ունենալ Երասխի հատվածից, ինչը նաև լայնամասշտաբ բախման ռիսկ է պարունակում։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածը երկար ժամանակ է` համեմատաբար խաղաղ էր, այստեղ վերջին անգամ ադրբեջանական զինուժի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռն էր խոցվել՝ նոյեմբերի 9-ին` 44-օրյա պատերազմի վերջին օրը։
Մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ ադրբեջանական զորքերն արդեն երկու ամիս է, ինչ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային գյուղերի բնակիչները պարբերաբար ահազանգել են, որ հայկական տարածքներից չհեռացող ադրբեջանցի զինվորականները լուրջ սպառնալիք են։
Լրատվական դաշտում որոշակի անհանգստություն են առաջացրել ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություներ ունենալու և նոր պատերազմի պատրաստ լինելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները։
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, թե մարդկանց իրավունքների խախտման այս ֆոնին չի կարող խոսք գնալ սահմանանշման-սահմանազատման աշխատանքի: Ըստ նրա՝ այդ գործընթացը կարող է սկսվել նվազագույնը ադրբեջանական զորքի հեռացմանը զուգահեռ։
Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին
Մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորական է անհետացել։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ այդ երկու զինծառայողները հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և բանակցություններ են տարվում առաջիկայում նրանց վերադարձնելու ուղղությամբ:
ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու հնարավորությունը: Նշենք, որ երկուսն էլ զենք չեն ունեցել իրենց հետ:
Ադրբեջանում հուլիսի 14-ին սկսվել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն):
Շաբաթվա ընթացքում Բաքվում Յասամալի շրջանային դատարանում շարունակվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «խոշտանգման, զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, սահմանի ապօրինի հատման և այլ հանցագործություններ կատարելու» մեջ:
Իսկ հուլիսի 16-ին Բաքվում նշանակված շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը հետաձգվել է։ Նշենք, որ վերջին շրջանում մեկը մյուսի հետևից հետաձգվում են շիրակցի ռազմագերիների շինծու քրեական գործերով դատական նիստերը, բոլոր դեպքերում՝ փաստաբանի բացայակության պատրվակով։
Այլ թեմաներ
Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։
ՊՆ անցուդարձի մասին
Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, մասնագիտական ու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունեցել ամփոփիչ ստուգումներ և այլն։
ՊՆ-ն նաև պարզաբանել է, թե հետպատերազմյան շրջանում որ զինծառայողները կարող են անվճար սննդից օգտվել։
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն»։
Հարակից հրապարակումներ`
- 12.07.2021. «Հենակետ». Ադրբեջանը ռեստավրացիայի անվան տակ Շուշիում հուշարձաններից վերացվում է հայկական հետքը
- 11.07.2021. «Հենակետ». Ո՞ր սխրանքի համար է Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել նման բարձր պարգևով
- 10.07.2021. «Հենակետ». Անվտանգության հարցեր
- 05.07.2021. «Հենակետ». Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում հայկական գերեզմանատունն ավերվել է
- 05.07.2021. «Հենակետ». Եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն, դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր
- 28.06.2021. «Հենակետ». Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը
- 14.06.2021. «Հենակետ». Ադրբեջանը 1մլրդ 75մլն մանաթ գումար է տրամադրելու Արցախից գրավված տարածքների վերականգնման համար
- 12.06.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում
- 07.06.2021. «Հենակետ». Ադրբեջանն օդանավակայաններ կկառուցի Կովսականում և Լաչինում
- 06.06.2021. «Հենակետ». Արցախյան շաբաթ
- 05.06.2021. «Հենակետ». Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան