Ասադը երդվեց որպես Սիրիայի նախագահ` չորրորդ յոթամյա ժամկետով
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չորրորդ անգամ երդվեց Դամասկոսում՝ որպես պետության ղեկավար՝ յոթամյա ժամկետով։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ նախագահական պալատում: Այս մասին գրում է Tass-ը։
Ասադի երդմնակալությանը ներկա էին Արաբական Հանրապետության խորհրդարանի անդամներ, կառավարության անդամներ, ռազմական էլիտայի ներկայացուցիչներ, կրոնական դավանանքների առաջնորդներ, մշակութային և հասարակական գործիչներ։
Ելույթ ունենալով ներկաների առաջ՝ Ասադն ընթերցել է երդման տեքստը՝ համաձայն 2012-ին ընդունված սահմանադրության յոթերորդ պարբերության, միաժամանակ աջ ձեռքը դնելով մահմեդական Ղուրանի վրա:
«Ես երդվում եմ ամենազոր Տիրոջով, որ հարգելու եմ երկրի սահմանադրությունը, նրա օրենքները և հանրապետական համակարգը, պահպանելու եմ ժողովրդի շահերը և հարգելու եմ նրա ազատությունները: Երդվում եմ պաշտպանել հայրենիքի ինքնիշխանությունը, նրա անկախությունը, ազատությունը և պաշտպանելու նրա տարածքային ամբողջականությունը: Ես կձգտեմ սոցիալական արդարության և արաբ ազգի միասնության», - ասել է նախագահը:
Երդմնակալության խոսքում Ասադը շնորհակալություն է հայտնել սիրիացի ժողովրդին տասը տարի շարունակվող ռազմական հակամարտության հետ կապված դժվարությունները հաղթահարելու հարցում անսասանության և քաջության համար:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում Ասադը հաղթել էր՝ ստանալով ընտրողների 95.1%-ի աջակցությունը։
Նախագահության պաշտոնավարման ժամկետը, ըստ 2012 թ. Սահմանադրության, յոթ տարի է: Նախորդ ընտրություններն անցկացվել էին 2014-ին, որում Ասադը ստացել էր ընտրողների 88,7% -ի աջակցությունը: