Ջրամբարներում մաղի պես անցքեր կան, դրա համար չենք կարողանում պահել կուտակված ջուրը. մասնագետ
Կառնուտի ջրամբարի խնդիրը պարզ է՝ ջուրը ջրամբար չի հասել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն՝ անդրառադնալով ոռոգման շրջանում ջրամբարների դատարկ լինելու խնդրին։
«Լսեցի Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի խոսքը և չհասկացա՝ ինքը մասնագե՞տ է, թե՝ դիլետանտ։ Ջուրը Արփայից է գալիս հասնում Կառնուտի ջրամբար։ 24 մլն խմ-ի հետ կատա՞կ եք անում։ Ոնց եղավ, որ ջուրը չհասավ Կառնուտ։ Ջուրը գնացել է մեկ ուրիշ ջրսպառողի, ո՞վ է այդ ջրսպառողը։ Ի վերջո գյուղացին գումար է դրել, հիմա մարդիկ լացում են, որ ամբողջ գումարը կորցրել են և բերք չեն կարող հավաքել»,- նշեց Քնարիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, գյուղացիների մոտ կասկածներ կան, որ այդ ջուրը գնացել է փոքր հիդոէլեկտրակայաններին (ՓՀԷԿ)։ Դրանք, ըստ նրա, պատկանում են ազդեցիկ մարդկանց, որոնք կարողանում են մեծ եկամուտ ստանալ։ «Իսկ գյուղացու հոգսն իրենց չի հետաքրքրում։ Մեծ մեղք են վերցրել իրենց վրա։ Սա հանցագործություն է»,- ընդգծեց մասնագետը։
Ըստ Քնարիկ Հովհաննիսյանի՝ առաջացած խնդիրը չի կարելի կապել միայն գլոբալ տաքացման կամ ջերմաստիճանի բարձրացման հետ։
«Ճիշտ է, գետերում ունենում ենք սակավաջրություն, սակայն դա չի կարող լինել ջրամբարում ջուր չլինելու հիմնական պատճառը։ Կլիմայի տաքացումը բնական գործոն է, բացի դրանից ունենք անտրոպոգեն գործոն՝ մարդու գործունեությամբ պայմանավորված, որի ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Հենց այս խնդիրն այսօր լուծման կարիք ունի»,- ընդծեց նա։
Անդրադառնալով ջրամբարների հետ կապված խնդիրներին, մասնագետը բարձրացրեց հատկապես դրանց մաշվածության հարցը։
«Ջրամբարներում մաղի պես անցքեր կան, խոռոչներ ու ճաքեր պատերի մեջ, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ վերանորոգվեր։ Ջուրը խոռոչներով կորում է։ Այս տարի լավ տեղումներ ունեցանք, ջրամբարները լավ լցվել էին, բայց մենք չենք կարողանում պահել այդ ջուրը։ Պետք է հետևել, որ ջրամբարը լինի սարքին՝ ջրի կորուստներից խուսափելու համար։ Սրանք հիդրոտեխնիկական հարցեր են, որոնք միշտ լուծվել են, բայց հիմա չգիտես ինչի չեն լուծվում»- ընդգծեց նա։
Քնարիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ նոր ջրամբարներ կառուցելու անհրաժեշտություն կա, սակայն նախ և առաջ անհրաժեշտ է լուծել առկա ջրամբարներում ջրի պահպանության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան- Գյումրի ճանապարհը
- Շիրակի մարզում բերքի մոտ 40 տոկոսը չորացել է. Հրաչ Բերբերյան
- Ոռոգման ջուրը չեն տալիս, Ագարակի թուզն ու նուռը՝ վտանգի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան