Դիմորդների մոտ հայտնաբերում ենք էլեկտրոնային սարքեր, որոնք ամրացված են լինում մարմնի տարբեր մասերին. Նասիբյան
«Չէի ասի, որ այս տարի ընդունելության քննություններում «Հայոց լեզու» առարկայից գնահատականները ցածր էին. «Հայոց լեզվի» գնահատականները տարիներ շարունակ նույն միջին միավորն են ապահովել»,- ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նա նշեց, որ ցածր են լինում բոլոր քննությունների գնահատականները, որոնք կազմակերպվում են լրացուցիչ՝ երկրորդ փուլում:
«Տարիներ շարունակ փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կամ կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ»,-ասաց Նասիբյանը:
Ինչ վերաերում է քննությունների ժամանակ դիմորդների կողմից տարբեր սարքրեի օգնությանը դիմելուն, ԳԹԿ փոխտնօրենն ասաց. «Արդեն մեզ համար սովորական է դարձել, որ դիմորդի մոտ հայտնաբերում ենք հեռախոս, էլեկտրոնային այլ սարքեր, որոնք ամրացված են լինում մարմնի տարբեր մասերին:
Եբեմն նույնիսկ այդ սարքերը վարձով են վերցնում, համապատասխան գումարը մուծում են, 1-2 օրով վերցնում են օգտագործելու և հետ վերադարձնելու համար: Նման դեպքերը նախկինում ավելի շատ էին:
Նախկինում լինում էր, որ դիմորդը քննական կենտրոն գալիս էր առնվազն 3 հեռախոսով. մեկը հանձնում էր, երկրորդը իբր հայտնաբերում էինք մենք մինչև քննություն սկսվելը, որպեսզի մտքովդ չի անցնում, որ կարող է ունենալ 3-րդ, 4-րդ հեռախոսներ: Հիմա այդ դեպքերը քչացել են: Կարծում եմ՝ անցել են ավելի բարձր տեխնոլոգիաների»: