Ադրբեջանը փորձում է միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը. ՀՀ ԱԳՆ
«Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ «նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները», ասել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
ԱԳՆ պատասխանը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքում, որում նաև ասվում է.
«Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։
Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։
Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև․ Տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի զուգահեռաբար
- Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը. Ալվինա Աղաբաբյան
- Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Փաշինյանն Ալիևի հետ պասերով խաղում է. Իշխան Սաղաթելյան
- Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա. Արտակ Զաքարյան
- Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
- Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ