ԵՊԿԵ-ն համերգ կնվիրի Հարություն Թոփիկյանի հիշատակին
Հուլիսի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի հոբելյանական համերգ՝ նվիրված խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակին:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Ծրագրում՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործություններն են։
Նշենք, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում նախորդ տարի հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացավ հայ երգչախմբային արվեստի երախտավոր Հարություն Թոփիկյանը։
1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):
Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:
Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան