Էստոնիայում կայացել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը միաժամանակ նշելով, որ մրցաշարին հայտավորված էին աշխարհամասի 48 երկրների շուրջ 1000 մարզիկ-մարզուհիներ:
Հայաստանի պատվիրակներից գոհացրել է կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը:Մարզիչ Արտյոմ Պողոսյանի սանը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլի արգելքը և մտել եզրափակիչ:
Ուժեղագույն ությակի պայքարում Գոռը ցույց է տվել 7մ. 59սմ արդյունք, սահմանել է անձնական ռեկորդ և եզրափակել «հրաշալի յոթնյակը»։
ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, Կապանի համայնքապետարանի սպորտի պատասխանատու Արշամ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի աթլետներից քչերին է հաջողվել համանուն նախորդ մրցաշարերում եզրափակիչ մտնել:
Հավելենք, որ կապանցի ցատկորդները ավանդաբար հաջողությունների են հասնում համապետական և միջազգային մրցումներում:Ասածն է վկայում և այն, որ եռացատկորդ Լևոն Աղասյանը հայաստանցի միակ աթլետն է,որը հանդես կգա Տոկիոյի օլիմպիական խաղերում: